Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կառավարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է ստեղծել:
Խորհրդի կազմում ընդգրկված են վարչապետը (խորհրդի նախագահ), կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության նախարարը, ֆինանսների նախարարը, գլխավոր դատախազը (համաձայնությամբ), բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ), Հանրային խորհրդի նախագահը (համաձայնությամբ), Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ), քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս խորհրդին՝ ասաց.
«Ստեղծվել է պետություն-քաղաքացիական հասարակություն հարթակը, որը կարևորում եմ այն առումով, որ պետական մարմիններից զատ քաղաքացիական հասարակության հետ է տեղի ունենալու երկխոսություն և նրանք նույնպես իրենց անմիջական մասնակցությունն են ունենալու մեր երկրի համար այս չափազանց կարևոր խնդրի լուծման գործում: Պայքարը կարող է հաջողել, երբ անկախ փորձագետներն են ասում, թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ ու այս առումով մենք քայլեր ենք ձեռնարկում, ուստի հաջորդ տարի կներգրավվեն հեղինակություն վայելող միջազգային անկախ փորձագետներ, որոնք կօգնեն ծրագրեր մշակել ու հաջողություններ գրանցել»:
Անի Կարապետյան