ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ապա՝
հարգելի՛ խորհրդարանական ընդդիմություն,
Ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է. «Հայաստանի Սահմանադրության 168 (2) և 169 (2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը):168 (2)-րդ հոդվածը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Նման վերանայման (ստուգման) ՊԱՐՏԱԴԻՐ բնույթը հստակորեն սահմանված է 169 (2) հոդվածում, որի համաձայն Ազգային ժողովը 168 (2) հոդվածով նախատեսված դեպքերում դիմում է (պետք է դիմի) Սահմանադրության փոփոխության հարցով»:
Պետք է նշել, որ հաջորդիվ տեքստում (69) Հանձնաժողովը նշել է, որ եթե Սահմանադրությունը, ինչպես օրինակ Հայաստանի Սահմանադրությունը, նախատեսում է նման ex ante (նախնական) վերնայման հնարավորություն, ապա նման կանոնը պետք է պահպանվի:
Հարգելի՛ պատգամավորներ,
Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, (ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:
Իշխանափոխությունից հետո տարբեր դրվագներով տարբեր մարդիկ բազմիցս տապալել են սահմանադրական կարգը, բայց նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել:
Անիրավության այսքան բարձր նշաձող երբևէ դեռևս չի սահմանվել:
Ավելին՝ առանց սահմանադրական վերահսկողության սահմանադրական փոփոխությունները միանգամից ապալեգիտիմացնում է նաև հետագայում ընտրվելիք ՍԴ դատավորներին:
Հարգելի՛ խորհրդարանական ընդդիմություն,
Եթե դուք իրապես հետևողական եք ձեր քաղաքական առաջնայնություններում և պայքարում, ապա, վստահաբար, կարող ենք արձանագրել, որ չդիմելով Սահմանադրական դատարան, դուք ևս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը` անկախ այն հանգամանքից կողմ կքվեարկեք նախագծին, թե՝ ոչ:
Հարգելինե՛ր, այս նախագիծը այլևս արտակարգ դրության հետ կապ չունի: Նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի միջազգային իրավական հեղինակության հարցն է: Մի՛ հանդուրժեք, որ այն հերթական անգամ իշխանության կողմից տրորվի:
Կից նկարում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը։ Ժամեր անց այն կլինի հրապարակային։ Մեկնաբանություններում ձեզ համար կտեղադրեմ նաև վերաբերելի կետերը»: