Անհետ կորած երեխան գտնվել է․ Փոքրիկն ունի վնասվածքներ
Թարմացված․ ՆԳՆ-ի մամուլի խոսնակը հայտնում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։
Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա է կորել։
Անմիջապես նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ ինչպես տարածքում, այնպես էլ հանգստյան գոտու միջով անցնող ջրանցքում, իսկ Փրկարար ծառայության հոգեբանական խումբը աշխատանքներ է իրականացնել երեխայի մոր հետ։
Ոստիկաններն ու փրկարարները՝ կինոլոգիական խմբերի օգնությամբ, պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։ Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։
Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
***
Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց` որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստյան գոտու տարածքում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։
Իրավապահները մեկնել են Զովաշեն գյուղ։ Երեխայի անհետանալու վայրից դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։
ՆԳՆ-ի մամուլի խոսնակն էլ հայտնել է. «ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է:
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, 4 տարեկան աղջիկ երեխա է կորել Արարատի մարզում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet