▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ շունս էր ադեկվատ պահում տանս խուզարկության ժամանակ, «շնորհքով ներխուժել էին»․ Իշխան Սաղաթելյան

Անգամ շունս էր ադեկվատ պահում տանս խուզարկության ժամանակ, «շնորհքով ներխուժել էին»․ Իշխան Սաղաթելյան

«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի։ Ինչ-որ քրեական գործի շրջանակներում խուզարկություն են իրականացնում՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Բավականին մեծ խմբով էին եկել, ամբողջ շենքը շրջափակել էին։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։ Ընդամենը կարող եմ ասել, որ հերթական ապօրինի գործընթացն է»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել Սաղաթելյանի բնակարանում:

***

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տուն իրավապահները ներխուժել են «ԴԱՀԿ պահանջը» չկատարելու պատրվակով: Գիտեմ, որ ծիծաղելի է, գրել է «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության»,-նշել է նա։

***

«Այս պահին քրեական գործ է հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, բայց կարծում եմ՝ կունենամ. կանչել են հարցաքննության։ Բոլոր հնարավոր միջոցներով մեր իրավունքները պաշտպանելու ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը, ում տանն ու ավտոմեքենայում այսօր առավոտյան խուզարկումներ են իրականացվել։ «Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք. այս մեթոդներով իրենք հաջողության չեն հասնելու»,- նշեց Սաղաթելյանը։

***

ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին (խմբ.՝ Իշխան Սաղաթելյանին) և Լ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:

Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։

2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով: Նշված քրեական վարույթները միացվել են:

2026 թվականի հունիսի 23-ին Ի.Ս.-ի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

info@asekose.am/095519696
Հասարակություն more