«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ամփոփվել են հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի՝ Էրեբունի հնավայրում կատարած 8-ամյա պեղումների արդյունքները: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Նիկոլաս Ֆայեն և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, ներկայացնելով 2008-2016թթ. ընթացքում ծավալված համագործակցության արդյունքները, նշել է, որ պեղումները կարևոր են հնավայրի գիտական ճանաչման ընդլայնման, գտածոների անվտանգ պահպանության, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների համար:
Ընդգծելով Էրեբունի հնավայրում տարվող աշխատանքների նշանակությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հատկանշել է, որ միջնաբերդում նախատեսված վերականգնողական աշխատանքներից հետո հնավայրն առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի և կնպաստի նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը:
Նաև նշվել է, որ Էրեբունի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը վերջերս համալրվել է Իրանի մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի մասնագետներով, որոնք Երևանում են ԻԿՕՄՕՍ/Հայաստան, ԻԿՕՄ/Հայաստան և ԻԿՕՄ/Իրան կազմակերպությունների միջև 2015թ. ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում: Այս տարի աշնանը նախատեսվում է նաև հայ հնագետների մասնակցությունը Իրանի Պերսեպոլիս հնավայրում իրականացվող պեղումներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն