News.am-ը գրում է. Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության եւ բնակիչների միջեւ տեղի ունեցած բախումների դեպքով կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որ հանդիպեն եւ տեսնեն` ամուսինը ինչ առողջական խնդիրներով է գտնվում անազատության մեջ: Այս մասին մեզ հետ զրույցում այսօր` սեպտեմբերի 5-ին, ասաց Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը:
Նա պնդել է, որ ամուսնուն անօրինական են պահում անազատության մեջ: Նրա խոսքով` Էդուարդ Զեյթունցյանը հուլիսի 19-ին աշխատանքից վերադառնալիս նկատել է, որ Սարի թաղի մի հատվածում թաղի տղաները հավաքվել են ու վիճում են ոստիկանների հետ: Այդ ժամանակ նա մոտեցել է տղաներին՝ հասկանալու` ինչն է խնդիրը, որի ժամանակ էլ ոստիկանների հետ տեղի է ունեցել բախում: Դեպքից մի քանի օր հետո իրենց տուն են այցելել ոստիկաններ, ամուսնուն տարել են բաժին, ապա ձերբակալել: Ավելի ուշ իրեն հայտնի է դարձել, որ ամուսինը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Լալա Բերնեցյանը ունի մեկ անչափահաս դուստր, որն առաջին դասարանում է սովորում: Որդին էլ մահացել է անցած տարի: Ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Ընտանիքի միակ կերակրողն ամուսինն էր: Լալա Բերնեցյանը պնդում է, որ ամուսինը մի շարք առողջական խնդիրներ ունի, վիճակն ավելի է վատթարացել:
«Առողջական լուրջ խնդիրներ ունի` թե սրտի, թե ճնշման հետ կապված, երկու օր առաջ կանչել են, որ ճնշումը չափեն, բռնել են գժի դեղ են տվել: Իր մոտ է հիմա էդ դեղը, Ճնշման դեղի փոխարեն գժի դեղ են տվել, որ քնի: Ամուսնուս հետ խոսել եմ, ինձ ասել է`գժի դեղ են տվել, անունն էլ ասեց, ասեցի` չխմես, կպահես, որ փաստաբանին ցույց տաս: Ամուսնուս վերագրել են այնպիսի ցուցմունքներ: Տասը տարվա հոդվածը դրեցին վրան ուղարկեցին դատարան: Իմ ընտանիքի միակ հոգսը հոգացողն ամուսինս էր, ում տարան փակեցին չգիտեմ`ինչի հիմար: Ես հիմա շատ ծանր վիճակում եմ: Դիմել էի Մարդու իրավունքների պաշտպանին, նորություն չկար, հենց հիմա նորից գնում եմ ՄԻՊ գրասենյակ, ասեմ` ամուսինս առողջական խնդիրներ ունի, ինչը նշանակում է, որ նրան խոշտանգում են, քանի որ բժիշկ է պահանջում, չեն ներկայացնում»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում