▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուսնու դին դրված՝ Աննա Մարդանյանին Տավուշի մարզպետն ազատել է պաշտոնից»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյբուքյան գրառումը․ «Ամուսնու դին դրված՝ Աննա Մարդանյանին Տավուշի մարզպետը ազատել է դպրոցի ղեկավարի պաշտոնից
2025թ․ ապրիլի 6-ին Նավուր-Իծաքար ճանապարհին կվադրոցիկլով վթարի է ենթարկվել, տեղում մահացել Նավուրի 44-ամյա բնակիչ Մայիս Օհանյանը։ Նա խոշոր եղջերավոր անասուններ էր պահում, կվադրոցիկլով բարձրանում սարերըԼ Նավուր գյուղից ստացված տեղեկություններով՝ վթարի ենթարկվելու պատճառ կարող է լինել Մայիսի տիկնոջ՝ Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարդանյանի աշխատանքի հետ կապված բարդ իրավիճակից Մայիսի խիստ մտահոգվածությունը, նաև այդ օրը քամու առկայությունը։ Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է կայացել Աննա Մարդանյանին ազատել Նավուրի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ 38-ամյա Աննա Մարդանյանը Նավուրի դպրոցը ղեկավարել է 2022թվականից։ Իշխող ՔՊ կուսակցության անդամ,Վանաձորի մանկավարժական համալսարանի շրջանավարտ,Անգլիայիում, քոլեջում երկու տարի սովորած, 2011թվականից հայրենի Նավուրի դպրոցում աշխատած, անչափահաս 2 երեխաների մայր Աննա Մարդանյանն ինչո՞ւ է որոշել ազատվել դպրոցի ղեկավարի պաշտոնից։ Պատճառը հետևյալն է։ Բերդ քաղաքի բնակիչ,1989թվականին ծնված Սերինե Միրզոյանը նախկինում աշխատել է Բերդի համայնքապետարանում, նա ՔՊ կուսակցության, <<Կրթվելը նորաձև է>> շարժման ակտիվիստներից է։ Նավուրի դպրոցից ստացված տեղեկություններով՝ Սերինե Միրզոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրեն աշխատանքի տեղավորեն; Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թվականին Ս․ Միրզոյանին նշանակել է Նավուրի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Նավուրի դպրոցից , Նավուր գյուղից հայտնում ե ն, որ վարչատնտեսական մասի համակարգող նշանակվելու համար Սերինե Միրզոյանը պահանջվող աշխատանքային ստաժը չի ունեցել։ Դրանից հետո Նավուր դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը խիստ խաթարվել է ։ Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարդանյանի դեմ բողոքներ են ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Նավուրի դպրոցից հայտնում են, որ մարզպետին բողոքողների մեջ եղել է Սերինե Միրզոյանը։ Մարզպետը հանձնաժողով է կազմել ու ուղարկել Նավուրի դպրոց։ Ըստ Նավուրի դպրոցից ստացված տեղեկությունների՝ Տավուշի մարզպետի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Սերինե Միրզոյանի աշխատանքում թերություններ չի գտել, իսկ Աննա Մարդանյանի վերաբերյալ կազմել է շինծու, 5 կետանոց եզրակացություն, որի հիմքով էլ մարզպետը Աննա Մարդանյանին նկատողություն է հայտարարել։ Այդ անարդարության պատճառով Աննա Մարդանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը մարզպետը չի ստորագրել, սակայն Աննայի ամուսնու մահվան հաջորդ օրը, երբ ամուսնու դագաղը դրված էր, ստորագրել է ։ Մի քանի օր շարունակ զանգահարեցի Աննա Մարդանյանի բջջային հեռախոսահամարին, որպեսզի պարզաբանումներ ստանամ, նա զանգերին չէր պատասխանում, մի օր պատասխանեց, ասաց, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել։ Աննա Մարդանյանը դասապրոցեսը չխաթարելու համար դպրոցում որպես ժամանակավոր աշխատող պահել է միջնակարգ կրթությամբ դասվարի։ Ա․ Մարդանյանի պաշտոնից ազատվելուց հետո այդ դասվարին ազատել են, սակայն նրա փոխարեն աշխատանքի են ընդունել «յուրայինի»՝ նույնպես միջնակարգ կրթությամբ դասվարի, ինչը օրենքի խախտում է։ Մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե իրավական ինչ հիմքով է Աննա Մարդանյանը ազատվել պաշտոնից, Բերդի թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն, 69-ամյա կենսաթոշակառու Արտուշ Վիրաբյանը նշանակվել Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար, ինչո՞ւ մարզպետի այդ որոշումները չեն հրապարակվել մարզպետարանի ինտերնետային կայքում։ Մարզպետարանից պատասխանել են․ «Նավուրի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մարդանյանը ազատվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից համաձայն իր դիմումի : 2025 թվականի ապրիլի 7-ից Արտուշ Վիրաբյանը իր դիմումի համաձայն ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ նշանակվել է Նավուրի միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները ընդամենը կատարող, մինչև մրցույթի արդյունքով տնօրենի նշանակումը, որի համար չի վճարվում, շարունակում է դասավանդել իր առարկան»: Մարզպետը չի պատասխանել այն հարցին, թե ինչու են օրենք խախտել, Ա․ Մարդանյանին աշխատանքից ազատելու, Արտուշ Վիրաբյանին միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող նշանակելու իր որոշումները չեն հրապարակել։ Ի՞նչ է նշանակում՝ նա այդ աշխատանքի համար չի վճարվում։ Եթե Ա․ Վիրաբյանը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինելու համար չի վճարվում, ինչպե՞ս կարող է այդ պաշտոնի համար պատասխանատու լինել։ Մարզպետը չի նշել, որ Արտուշ Վիրաբյանի պարապած առարկան ֆիզկուլտուրան է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more