Դիտեք նաև՝
«Սննդակարգի հետ կապված մենք շատ սխալներ ենք թույլ տալիս թե՛ տարվա մեջ, թե՛ Ամանորին: Մարդիկ կան, ովքեր նախքան Նոր տարին որոշում են շատ նիհարել, քանի որ գիտեն՝ այդ օրերին գիրանալու են: Սա սարսափելի է: Երկար ժամանակ քաղցած պետք չէ մնալ, անգամ եթե դու գիտես, որ ճոխ սեղանի առջև ես շուտով նստելու: Սա հանգեցնում է նրան, որ մարդը սկսում է ուտել, իսկ մենք գիտենք, որ բացի կալորիականությունից ուտեստը շատ աղի է լինում ու, եթե հաջորդ օրը մարդն արթնանում է մի քանի կիլոգրամ ավել քաշով, աչքերի տակը այտուցված, բնականաբար դա իրական ճարպակալումը չէ, ավելորդ հեղուկն է: Մեկ օրում հնարավոր չէ մի քանի կիլորգրամ քաշ հավաքել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը՝ հավելելով, որ տոնական այս օրերին մեր օրգանիզմը չի հասկանում՝ ինչ է կատարվում, չէ՞ որ մեծ խնդիրներ են առաջանում՝ թունավորումից սկսած մինչև լեղաքարային սուր նոպաներ:
Դիետոլոգը նկատում է.
«Շատ անգամ կարևոր է ոչ թե այն, թե ինչ մթերք ես օգտագործում, այլ՝ ինչ եղանակով ես պատրաստել: Օրինակ՝ եթե մենք գնում ենք խմորեղեն, նշանակում է՝ այն անպայման տրանսճարպեր է պարունակում, որոնք մեր օրգանիզմի կողմից չեն ընդունվում, քանի որ արհեստական ճարպեր են: Գոնե պատրաստեք ինքներդ՝ համոզվելով, որ լավ կարագ եք օգտագործում»:
Asekose.am-ի հարցին, թե Ամանորին ամեն ինչ ուտող մեր ժողովուրդն ի՞նչ անի ստամոքսին «չնեղելու» համար, Հասմիկ Աբովյանը պատասխանեց.
«Մարդիկ, որոնց օրերն Ամանորին սեղանի շուրջ է անցնում ու մի քանի տներում են սպասում նրանց, գոնե ամեն մի տանը մի տեսակի, խմբի պատկանող ուտեստ կերեք ու աշխատեք տեղափոխվել սեփական ոտքով, ոչ թե մեքենայով: Սա կօգնի այրել օգտագործած սնունդի կալորիաները»:
Ինչ վերաբերում է ալկոհոլին՝ մասնագետը նշեց, որ այն անընդունելի է օրգանիզմի համար:
Անի Կարապետյան