Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր:
Նոր Սահմանադրությամբ Ադրբեջանի նախագահը երկիրը կգլխավորի 7 տարի:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ վաղաժամ ընտրությունների անցկացման մի քանի պատճառ կա:
«Առաջինն այն է, որ Ալիևը երկարաձգում է իր իշխանության ժամկետը: Մարդը մինչև ընտրությունները չի սպասում, կասեցնում է իշխանափոխության սովորական ընթացքն ու դա բացատրում է տարբեր կարգի արտակարգ դրություններով: Փորձում է հետաձգել մեծ հարցի պատասխանը, որն է՝ ո՞ւմ է փոխանցելու իշխանությունը: Հաջորդ պատճառը մեղադրանքներն են՝ կապված մարդու իրավունքների խախտման, ճնշումների հետ է կապված: Ադրբեջանցիներն այս երրորդ պատճառի լուծումը հեշտ գտել են՝ կաշառում են ու նման հարցերը դուրս են մղվում օրակարգից: Հիշենք թեկուզ Ագրամունտի դեպքը: Մեկ ցավալի հարց կա նրանց համար.ե՞րբ են Իրանի կողմից հնչող սպառնալիքներն իրականություն դառնալու: Եվ, եթե Իրանն իրոք բացահայտի այն ցուցակը,որտեղ նշված է, թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս է ֆինանսավորել ահաբեկչական խմբերին ու ի՞նչ է ուղարկել, աշխարհը կզարմանա: Կպարզվի, որ նույնիսկ ամերիկյան զենքերը Բաքվի միջով անցնում են Մերձավոր Արևելք, քանի որ ԱՄՆ-ն ու Ադրբեջանն ունեն Բաց երկնքի պայմանագիր, համաձայն որի՝ ամերիկյան որևէ ինքնաթիռ չի զննվում, ինչ ուզես՝ կարող ես անցկացնել: Ալիևի ընտանիքը հենց սրանից էլ վախենում է, մտահոգված են, որ իրենց մասնակցությունը ահաբեկչական խմբերի զինման գործում, բացահայտ կհնչի ողջ աշխարհում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:
Անի Կարապետյան