▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի արագընթաց պատերազմը Ղարաբաղում ձախողվեց, եկավ Ստեփանակերտի՝ խաղի մեջ մտնելու ժամանակը

Այս վերնագիրն է կրում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որն այսօր հրապարակել է Ռեգնում տեղեկատվական գործակալությունը: Վկայակոչելով դեռևս անցած տարեվերջին մամուլում տեղ գտած մի շարք նյութեր, որոնցում այն միտքն էր արտահայտված, որ եթե Իսլամական պետության ջիհադականներին հաջողվի «ինչ-որ տեղ» Ադրբեջանում գործողություն իրականացնել, ապա իշխանությունն այն կվերագրի «հայկական դիվերսիոն խմբերին»:

Հոդվածագիրն այնուհետև բացահայտում է այն իրական պատճառն ու նպատակը, որոնք վերջին շրջանում Բաքու այցելելիս իրենց առջև դնում էին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն և վարչապետ Դավութօղլուն: Սիրիայի ռազմական գործողությունների ավարտի սցենարն է դա` այդ երկրում քրդական ինքնավարության ի հայտ գալու տարբերակով և իբրև Թուրքիայի հարավարևելյան վիլայեթների քաղաքացիական պատերազմի հնարավոր արդյունք`այդտեղ քրդական ինքնավարության գոտու առաջացման հնարավորությամբ:

Այս ամենի հետևանքով Անկարան մոտենում է երկրաքաղաքական անկման անդունդին: Ահա թե ինչու մեծ է հավանականությունը, որ Թուրքիան Բաքվին մի ինչ-որ քարտ-բլանշ է տվել, բայց ինչպիսի՞ և ո՞ւմ: Այս առնչությամբ ամերիկյան Եվրազիանեթ հրատարակությունը կարծիք է հայտնում, որ ռուսական ռմբակոծիչի խոցման պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում ծագած բարդության հետևանքով «Ադրբեջանն հայտնվել էր դիվանագիտական ծուղակում»: Նրան չհաջողվեց իրականացնել Թուրքիայի և Ռուսաստանի հաշտեցման նախաձեռնությունը, և նա «խճճվեց ռուս-թուրքական սաստկացող դիմակայության մեջ»:

Ռեգնում ՏԳ-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն` Ադրբեջանի իշխանական կառույցների որոշակի շրջանակներ լրջորեն դիտարկում են արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանի կողմը թեքելու տարբերակը` այդ երկրին առաջարկելով հանդես գալ ադրբեջանական որոշ շրջաններ ազատելու միջնորդի դերում` Ստեփանակերտը ղարաբաղյան հակամարտության կողմ ճանաչելու փոխարեն: Այժմ այդ ծրագիրը ձախողվեց: Այնուհետև Ստանիսլավ Տարասովը, հղում անելով իտալական մամուլի մի հրապարակմանը, ինչպես նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի կարծիքին, գրել է, որ նրանք, ի թիվս այլ աղբյուրների, շեշտել են «բացահայտ զինված բախման» հնարավորությունը: «Եվ ի՞նչ ստացվեց դրա արդյունքում,- հարց է տալիս հոդվածագիրը և ինքն էլ պատասխանում.-Ադրբեջանը չկարողացավ արագընթաց պատերազմ վարել և, կողմերի զինվորական գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն, ռազմաճակատի գծում դաժան մարտեր են մղվում»:

Ստանիսլավ Տարասովը փոխանցում է մի շարք զինվորական փորձագետների գնահատականը, որ Ադրբեջանի զինուժի գործողությունը տարերային բնույթ է ստացել: Այժմ Բաքուն կարող է հայտնվել կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման պարտադրանքի առջև, տարածաշրջանում կարող են խաղաղարարներ հայտնվել, իսկ բանակցությանը կարող է մասնակից դառնալ Ստեփանակերտը:
«Իրատեսությունը երկրաքաղաքականության և միջազգային հարաբերությունների կարևորագույն հատկանիշն է, որից Ադրբեջանը հավանաբար վաղուց է զրկվել: Ղարաբաղյան ներկա պատերազմը կարող է դառնալ Անդրկովկասի տարածաշրջանի ուժերի նոր հարաբերակցության ձևավորման համայնապատկերի շրջադարձային պահը:

Առայժմ Ադրբեջանի հայրենասիրական զգացմունքները, անկասկած, վերելք են ապրում: Բայց շուտով դա կանցնի: Տնտեսական դժվարությունները և ռազմական ակնհայտ խնդիրները մարդկանց կմղեն փնտրել որոշումների այլընտրանքային տարբերակներ և առավելություն տալ այլ քաղաքական գործիչների»,-եզրափակել է Տարասովը:

Խաչատրյան Ժոռա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more