Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «ապրիլյան մարտերը մեր պատմության փառահեղ էջն են»:
Այդ մասին Իլհամ Ալիևն ասել է հատուկ նշանակության զորքերի զորամաս այցելության ժամանակ,- գրում է Մեդիամաքսը՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին:
«Երեք տարի է անցել ապրիլյան մարտերից հետո, որոնք մեր պատմության փառահեղ էջն են: Այո, եղել են կորուստներ: Պետությունը արել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է վիրավոր զինվորների բուժման համար: Բարեբախտաբար, բոլոր վիրավորները վերադարձան առօրյա կյանքին: Ամեն ինչ արվեց, որպեսզի նրանք վերադառնան ակտիվ կյանքին»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա հայտնել է, որ «ադրբեջանցի զինծառայողները ապրիլյան պատերազմում ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ եւ հերոսություն»:
«Ապրիլյան մարտերը ռազմական տեսակետից շատ հաջողված գործողություն էին, մեր վերահսկողության տակ անցան շատ կարեւոր ռազմավարական բարձունքներ»,- ասել է Ալիեւը:
Նրա խոսքով՝ «այս հաղթանակը նաեւ մեծ բարոյական եւ հոգեբանական նշանակություն ունի»:
«Տարիներ շարունակ հայկական քարոզչությունը ստեղծում էր իր ռազմական գերակայության մասին առասպելը: Ապրիլյան մարտերը ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ադրբեջանական բանակն ամենաբարձր որակներն ունի եւ կարող է ցանկացած ժամանակ լուծել ցանկացած խնդիր: Հայաստանի կողմից ստեղծված առասպելը մի վայրկյանում փլուզվեց»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: