▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը՝ հաշվի առնելով, որ այսօր «Վերջին զանգ» է

Թարմացված-Արին Բերդի փողոցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կոչով էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը եկավ և հայտնեց, որ փողոցի հիմնանորոգման ծրագիրն ընթացքի մեջ է, սպասում են, որպեսզի մրցույթը կայանա և աշխատանքները սկսվեն։ «Վստահ ասում եմ՝ այս տարի ունենալու եք կապիտալ վերանորոգված ճանապարհ»,- ասաց Բալայանը։
Դիտարկմանը, որ տենդեր եղել է հայտարարված, սակայն հանվել է, Բալայանը պատասխանեց․ «Ինձ վստահեք, կա ընթացակարգ, աշխատանքը կատարվելու է․ ժամանակ է պետք»։ Նա նաև հավելեց, որ նպատակահարմար չէ մասնակի փոսալցում կատարել, քանի որ ճանապարհը կապիտալ հիմնանորոգվելու է։

***

Երևանի Արին Բերդի փողոցի բնակիչները, այդ թաղամասում գործող տնտեսվարողները փակել են ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ երկարատև ժամանակ է փողոցը չի բարեկարգվում։ Երկու ամիս առաջ ևս ակցիա է իրականացվել՝ նույն պահանջով, սակայն խնդիրը լուծում չի ստացել։ «Ոչ մի աշխատանք չի արվել, ճանապարհն ավելի է վատացել»․- ասում է ակցիայի մասնակիցը։ «Մեր հաճախորդները չեն կարողանում գալ մեր խանութներ, մեր արտադրամասեր, ասում են՝ ձեր փողոցները ահավոր վիճակում են»,- ասում է ակցիայի մասնակից տնտեսվարողը։
Ակցիայի ժամանակ իրավիճակը մերթընմերթ լարվում է, անցնող մեքենաները պահանջում են բացել ճանապարհը։

***

Ինչպես հայտնել էինք Երևանի Արին Բերդի փողոցի բնակիչները և այդ թաղամասում գործող տնտեսվարողները փակել էին ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ երկարատև ժամանակ է փողոցը չի բարեկարգվում, երկու ամիս առաջ էլ խոստացել, սակայն ոչինչ չեն արել։ Տնտեսվարողների խոսքով իրենց արտադրամասերը և խանութները տուժում են, քանի որ ճանապարհների պատճառով հաճախորդներ չեն ունենում։
Ոստիկանության աշխատակիցները խնդրեցին ճանապարհը բացել․ «Առանց այն էլ խառը օր է, «Վերջին զանգ» է, մարդիկ իրենց երեխաների մոտ են գնում, բացեք, թաղապետը շուտով այստեղ կլինի»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը։
Քաղաքացիները բացեցին փողոցը, այժմ սպասում են թաղապետին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more