Այսօր մեկնարկեց SOS Գյումրի բարեգործական աճուրդի 1-ին փուլը (անցկացվելու է առցանց): Առաջինը վաճառքի է հանվել Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակ, որի մեկնարկային գինը 35․000 դրամ է։
Այս մասին տեղեկանում ենք SOS Գյումրիի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ աճուրդն անցկացվելու է երկու փուլով: Բացի այս գնդակից՝ աճուրդի են հանվելու Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները՝ իրենց ստորագրությամբ, ինչպես նաեւ նույն Մխիթարյանի ու «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ՝ Խորեն Հովհաննիսյանի ու Սերգեյ Բոնդարենկոյի ստորագրությամբ գնդակներ, Ռուդ վան Նիստելրոյի, Կլարենս Զեեդորֆի, Ջենարո Գատուզոյի մակագրությամբ իրենց լուսանկարները, «Բարսելոնայի» դրոշը, որի վրա 2009 թվականին ստորագրել են Լիոնել Մեսին, Թիերի Անրին, Չավին, Անդրես Ինյեստան, Պույոլը եւ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը, որի վրա վերջերս ստորագրել են թիմի առաջատարները:
Աճուրդին միացել են նաեւ «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
Նշենք, որ աճուրդից ստացված գումարն օգտագործվելու է Գյումրիի անօթեւան 13 ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու նպատակով: