Xnews.am-ի խմբագիրը սույն թվականի հունվարի 19-ին ԱԺ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին ուղարկել էր լրագրողի և օպերատորի հավատարմագրելու դիմում: Դիմումը ԱԺ մուտքագրվելուց հետո, լրատվության վարչության պետը հայտնել է, որ անհրաժեշ է հավելյալ տրամադրել կայքի այցելությունների մասին տեղեկատվություն, ինչը մեր կողմից պատշաճ կերպով իրականացվել է: ԱԺ-ի կողմից սահմանված հավատարմագրման վերջնաժամկետի ավարտից և հավատարմագրման գործընթացի որոշակի փուլեր անցնելուց հետո` Արսեն Բաբայանը պատասխանել է, որ հավատարմագրման համար ներկայացված դիմումը ոչ լիարժեք է: Մենք պահանջել էինք մերժման հիմքերը գրավոր ներկայացնել, սակայն առ այսօր ԱԺ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը չի բարեհաճել գրավոր ներկայացնել դրանք, այլ բավարարվել է ընդամենը ֆեյսբուքի միջոցով ՝ տեղեկացնելով մերժման մասին:
Ինչո՞ւ է ԱԺ լրատվականի պետը ընթացք տալիս դիմումին, որից հետո նոր պարզում, որ դիմումը ներկայացվել է թերություններով: Արսեն Բաբայանը միտումնավոր է մերժման մասին տեղյակ պահել հավատարմագրման վերջնաժամկետի ավարտից հետո, հնարավորություն չտալով Xnews.am կայքին կրկին դիմում ներկայացնելու: Կատարվածի առնչությամբ փորձել ենք պարզաբանում ստանալ անձամբ ԱԺ նախագահից: Գալուստ Սահակյանին ուղարկվել է գրավոր դիմում- նամակ, որի պատասխանը ևս առ այսօր չենք ստացել:
Տեղեկացնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին: Բայց եթե հավատարմագրման հետ կապված խնդիրներ են առաջանում (անճշտությունների շտկում, պակասող փաստաթղթերի լրացում)՝ պետք է լուծել մինչև հավատարմագրման ավարտը կամ դրանից հետո փոխհամաձայնեցված ժամկետում։
Ակնհայտ է, որ մեզ հնարավորություն չի տրվել շտկել լրատվականի կողմից մատնանշված թերությունները:
Դիմելով Գալուստ Սահակյանին Xnews.am-ի խմբագրակազմը ակնկալում էր, որ նաև որպես ԱԺ նախագահ կմիջամտեր ստեղծված իրավիճակին, և պատասխանատվության կենթարկեր ենթակա աշխատակցին, քանի որ վերջինս թերացել է իր աշխատանքային պարտականությունները կատարելու մեջ: Բացի այդ ակնկալում էինք, որ հնարավորություն կտրվի լրատվամիջոցին մեկ անգամ ևս ներկայացնել հավատարմագրման հայտ: Հավելենք, որ լրատվամիջոցը լիովին համապատասխանում է ԱԺ հավատարմագրման համար ներկայացվող պահանջներին, ինչի ապացույցները մենք ներկայացրել ենք:
ԱԺ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի գործողությունները դիտարկում ենք որպես լրատվամիջոցի աշխատանքը խոչընդոտելու ակնհայտ փորձ՝ ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչների մուտքը ԱԺ խոչընդոտելու նպատակով:
Xnews.am-ի խմբագրակազմ