ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։
Հայ լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ՀՀ-ում կբացվի Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսությունը. «Մենք այս տարածաշրջանում դեռ դեսպանություն չունենք, սա առաջին քայլն է։ Պատվո հյուպատոսը կլինի Սուրեն Զոհրաբյանը։ Նա կարեւոր գործառույթներ պետք է կատարի, որը մեր շահերից է բխելու։ Մենք փորձելու ենք ծրագրեր իրականացնել տարբեր բնագավառներում, օրինակ` ամեն ինչ անելու ենք կրկնակի հարկումներից խուսափելու համար։ Մեզ մոտ կան ներդրումային ֆոնդերը։ Մենք մոլորակի 2-րդ պետությունն ենք, որի ներդրումային ֆոնդերում կա ավելի, քան 4 տրիլիոն եվրո, աստղաբաշխական գումարներ են ներդրվում։ Ափսոս, դրանք մեզ չեն պատկանում, թե չէ կկիսվեինք։ Մենք նաեւ հանդիսանում ենք կարեւոր բանկային կենտրոն։ ՀՀ-ն մեզ, ինչպես նաեւ` բոլոր եվրոպական երկրների համար մի երկիր է, որին շատ բարձր ենք գնահատում ու ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք գտանելու համագործակցության եզրեր, ծրագրեր, որոնք հատուկ մշակվել են ՀՀ համար։ Տնտեսական առաջընթացի, մարդու իրավունքների, արդարադատության առումով գովելի է ՀՀ-ն։ Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ապա մենք ու եվրոպական մյուս երկրները սատարում ենք Մինսկի խմբի ջանքերը։ Կարծում ենք` օրը կգա ու այս ձեւաչափով կգտնվի սառեցված կոնֆլիկտի լուծումը»:
ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադարձավ նաև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարություններին. «Ալիեւը հայտարարում է, որ պետք է բովանդակային, տրամաբանական բանակցություններ վարել, ասես` մինչեւ հիմա այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական։ Պարոն Ալիեւը երկու տասնյակից ավելի հանդիպումների է մասնակցել, եթե բանակցություններն այդպիսին չէին, ապա ինչու էր մասնակցում։ Հիմա Ադրբեջանում անցել են մի նոր փուլի` որոշել են ինչ-որ կրեատիվ առաջարկներով հանդես գալ։ Ինչպես ավելի մեղմ ձեւակերպեմ, որ ճիշտ հնչի` Ալիեւը հայտարարում է, թե մեր մայրաքաղաք Երեւանը, որի 2800-ամյակն ենք այս տարի նշելու, Ադրբեջանի պատմական տարածք է։ Կամ մեկ այլ կրեատիվությունն էլ այն է, որ սպառնում է ուժ կիրառել։ Պետք է նախեւառաջ նրանք պարզաբանեն` ինչո՞ւ են հրաժարվում եռանախագահող երկրների առաջարկներից, որոնք մշակված են` որպես մեկ ամբողջություն։ Միգուցե մտածում են` դրանք ստեղծագործական, կրեատիվ չէին։ Այսինքն, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում գնահատելու` Մինսկի խմբի առաջարկները կրեատիվ են, թե ոչ։ Նրանք պետք է ձերբազատվեն իրենց` իրականությունից հեռու լեզվաբանական վարժանքներից ու վերադառնան կառուցողական դաշտ, լատարեն իրենց պարտականությունները։ Եթե պարոն Ալիեւը ի վիճակի չէ դրան, միգուցե ուղղակի պետք է նրան վերադարձնել այդ կառուցողական դաշտ»։
Պարոն Ասելբոռնն էլ անդրադարձավ վիզաների ազատականացմանը` նշելով, որ Լյուքսեմբուրգը, եւ ընդհանրապես, ԵՄ-ն կոնկրետ քաղաքականություն են վարում` վիզաների ազատականացման հարցում. «Գործընթացը սկսվել է Բալկանյան երկրների, Ուկրաինայի դեպքում, կարծում եմ, որ ՀՀ-ի նման երկրի դեպքում, որը բավականին ջանքերը է ներդրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում, եթե նման ճիշտ ուղով ընթանա, ապա օրը կգա, որ մուտքի վիզաները ձեզ համար էլ կազատականացվեն։ Գիտեք` այս ընթացքում որոշակի մտահոգություն ունեցանք Բալկանների դեպքում, երբ մարդիկ գալիս ու միջազգային պաշտպանություն էին ուզում։ Հետեւաբար, այսպիսի հարցերը մեկ օրում չեն լինում ու, ի վերջո, մենք կհասնենք դրան։ Կոնկրետ ամսաթիվ չեմ կարող ասել, քանի որ ԵՄ հանձնաժողովը պետք է գտնի համապատասխան լուծում։ Ուզում եմ նաեւ նկատել, որ ձեր հարեւան երկրի` Վրաստանի համար բավականին դժվար խնդիր եղավ ԵՄ հետ համաձայնագրի կնքումը. նրան չթույլատրվեց այնպիսի համաձայանգիր կնքել, ինչպես եղավ ՀՀ դեպքում։ Մենք ամեն ինչ կանենք այս հարցի լուծման համար»: