Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում խոսակցություն է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Կողմերն արտահայտել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին կողմերի շփման գծում միջադեպերի կանխման նպատակով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը: Կողմերը որոշում են կայացրել մշակել մեխանիզմներ՝ համամապատասխան կառույցների միջև օպերատիվ կապ հաստատելու համար»:
Հիշեցնենք, Դուշանբեից Հայաստան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին, ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել էին այսօր՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:
ՀՀ վարչապետը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է քննարկվել: Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:
Ն. Փաշինյանը հավելեց նաեւ, որ hանձնարարական ու համապատասխան հրաման է տրվել մեր զինված ուժերին ու իր վարչապետ ընտրվելուց ի վեր, երեկ գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել:
«Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն, քանի որ դրանք պահպանելը չափազանց կարեւոր է: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշեց նա:
Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ