Aravot.am-ը գրում է.
«Ես չգիտեմ ով ա մետրով չափել՝ 800-մ թե 1800: Ինչ վերաբերում է դիրքերին, Մարտակերտի ուղղությամբ դա երկակի ռազմավարական դիրքեր էին, ապահովում էին առաջինը այդ գյուղերին ապրելու հնարավորություն, այդ հողերը հենց բնական Ղարաբաղի սահմանն էր, մենք դուրս ենք եկել բնական սահմանից, երկրորդը՝ էդ տարածքից մեր բռան մեջ է լինում ամբողջ հարթավայրը՝ Կիրովաբադից սկսած մինչեւ Միրբաշիր: Որ ասում են՝ ստրատեգիկ չի, էդ մարդիկ չտեսած ի՞նչ են հասկանում ինչի համար է, ասենք, մենք պռոստո հողեր էինք էլի գրավե՞լ: Չկան ոչ ստրատեգիկ դիրքեր՝ մանավանդ Մարտակերտի ուղղությամբ: Սա՝ միանշանակ է»,- ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում վերլուծելով ապրիլյան պատերազմը, այսպիսի գնահատական էր տվել:
Կայքը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրեց՝ այդ 800 հա տարածքը, որը շատ շահարկվեց տարբեր քաղաքական գործիչների կողմից, հիմա էլ Սամվել Բաբայանն անդրադարձավ դրան, դրանք ի վերջո ռազմավարակա՞ն տարածքներ են, թե՞ չէ:
Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Եթե մենք նորից շահարկում ենք՝ 1 սմ հողն էլ է ստրատեգիական տարածք: Ուզո՞ւմ եք սկսենք խոսել, որ այդ 1 սմ հողը մեր պատմական Մեծ Հայքին այնպիսի հարված է, որ հազարամյակներ շարունակ մենք տակից դուրս չենք գալու: Սա էլ է մոտեցում: Իհարկե, այդ մոտեցումը կարելի է օգտագործել, բայց դա չի նշանակում, որ դա ճիշտ է: Մենք ասում ենք՝ այս պատերազմի ժամանակ ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը չի փոխվել, ի՞նչն է այդտեղ սխալ, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ այդ մոտեցումը սխալ է՝ չեն կարող ասել: Եղել են որոշ փոփոխություններ, չեզոք գոտու շնորհիվ Ադրբեջանն առաջ է տարել որոշ իր դիրքեր, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը չի փոխվել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում