▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումների թիրախ դարձնելով նաեւ քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։

ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։

Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:

Մենք բազմիցս ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից:

Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետեւողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more