ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1990 թվականին հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա՝ ողջ աշխարհում:
«2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով ՀՀ բնակչության թիվն այսօր 3 միլիոն 10 հազար 598 է, 65 տարին լրացած անձանց թիվը 323.134 է, որը կազմում է բնակչության 11.5 տոկոսը, ինչը խոսում է այն մասին, որ ծերացող երկիր ենք, քանի որ միջազգային դասակարգումով տարեց է համարվում 65 տարին լրացած մարդը, ծեր՝ 75 տարին լրացածը և երկարակյաց՝ 90 տարին լրացածը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ 85 տարին լրացած անձանց թիվը 24.771 է, 100 տարին լրացածներինը 127 է, 114 տարեկան են 2-ը:
«Կյանքի միջին տևողությունը կազմում է 74.8 տարի.կանանց համար 77.9, տղամարդկանց համար՝ 71.5: Կենսաթոշակը միջինը 41.000 է, բայց, քանի որ սպառողական զամբյուղի չափը 60-70.000-ի կարգի է, ուստի միայնակ տարեցներին նաև 17.000 դրամի չափով ընտանեկան նպաստ է հասնում»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետի փոխանցմամբ՝ Հանրապետությունում կա 9 շուրջօրյա խնամքի հաստատություն.
«Տուն-ինտերնատները լինում են հատուկ և ընդհանուր: Ընդհանուրը 65 տարին լրացած, խնամքի կարիք ունեցող առողջ ծերերի համար է, հատուկը՝ հոգեկան խնդիրներ ունեցողների: Կան նաև տարեցների ցերեկային կենտրոններ:
Ցերեկային կենտրոններում իրենց ժամանցը կազմակերպելու, հասկակիցների հետ շփվելու համար 10:00-17.00-ն ընկած ժամանակահատվածում այցելում են կենտրոն, որտեղ տարբեր խմբակներ կան.նկարչական, երգի, պարի, ասեղնագործության և այլն: Մեկ անգամ էլ ճաշում են: Ժողովրդի մոտ թյուր կարծիք կա, որ այստեղ աղքատ տարեցներն են այցելում, չկա նման բան: Օրինակ մի նկարչուհի ունեինք, ով 95 տարեկան էր և նկարչության դասեր էր տալիս իր հասակակիցներին.պապիկներ կային, որ ասում էին՝ ամբողջ կյանքում ցանկացել են նկարել, ահա և հնարավորությունը»,-նշեց Անահիտ Գևորգյանը:
Անի Կարապետյան