▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

700 դրամ վճարե՞նք. քասախցիները նորից փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը

Թարմացված․ Առավոտից Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ մերթընմերթ փակելով դեմի Աշտարակ տանող մայրուղին։ Հիշեցնենք՝ մինչ այս նրանք օգտվում էին թիվ 59 երթուղին սպասարկող ավտոբուսից։ Հիմա որոշում է կայացվել, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
Քիչ առաջ քասախցիները բացեցին ճանապարհը, շարժվեցին դեպի համայնքապետարան, որտեղ հանդիպելու են պաշտոնատար անձանց հետ, ներկայացնելու են իրենց պահանջները։

***

Թարմացված․ Քասախ համայնքի բնակիչները շարունակում են փակ պահել Աշտարակ տանող մայրուղին։ Նրանք պահանջում են, որպեսզի 59 համարի ավտոբուսը շարունակի աշխատել։ Ասում են՝ որոշում է կայացվել, որ Քասախ-Երևան երթուղին սպասարկելու են գազելները, որոնք գործելու են ավելի թանկ գնով և մինչև երեկոյան ժամը 19։00։ «Մենք գոհ ենք 59 համարի ավտոբուսի աշխատանքից։ Պետք է տեսնեք, թե առավոտյան ժամերին ինչ ծանրաբեռնված է գնում-գալիս։ Ես 44-օրյա պատերազմի մասնակից եմ, ունեմ առողջական բազում խնդիրներ, 59 համարով պպզած եմ գնում, պատկերացնում եմ, որ փոխեն գազելներ, տանիքին երևի պետք է բարձրանամ, որ կանգնած հանգիստ գնամ։ Մեր խնդրանք է, որ 59 համարը մնա, կարողանանք հանգիստ երթևեկել»,- ասաց Քասախի բնակիչներից մեկը։

Թարմացված․ «Նիկոլ Փաշինյանին ձայն ենք տվել, լավ ենք արել, հիմա էլ պիտի մեր հարցերը լուծի»,- ասում է Քասախ համայնքի բնակիչը, ով առավոտից իր համագյուղացիների հետ փակել է Աշտարակ տանող մայրուղին։ Նրանք պահանջում են երթուղուց չհանել 59 համարի ավտոբուսը, որի փոխարեն պատրաստվում են ավելի թանկ վճարով միկրոավտոբուսներ գործարկել։ «Փաշինյանը հարցը չլուծի այ սենց շարունակվելու է։ Ձայն ենք տվել, պահանջում ենք։ Քասախից 2000 ձայն է տարել։ Պարոն Փաշինյան, եկեք մեր պահանջը կատարեք, բա ինչի ընտրեցինք»,- ասում է բնակիչը։
Նշենք, որ Արագածոտնի մարզպետը առաջարկել է հանդիպել, քննարկել խնդիրը, բնակիչները պահանջում են, որպեսզի նա գա իրենց մոտ։

***

700 դրամ վճարե՞նք. քասախցիները նորից փակել են Երևան–Աշտարակ ճանապարհն ու պահանջում են լուծում տալ հասարակական տրանսպորտի խնդրին։ Նրանք դեմ են թանկացմանը և պատրաստվում են փակել մայրուղին այնքան ժամանակ, մինչև իրենց խնդիրը լուծվի։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Դիտեք նաև՝

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց լուծելու միջոցը Նիկոլն է սովորեցրել․
Երեկ Պռոշյանի բնակիչները փակել էին Աշտարակ տանող ճամապարհը, և այդ գործողության արդյունքում Պռոշյանը սպասարկող 25 համարի ավտոբուսի երթուղին մնաց անփոփոխ, սակայն Քասախ գյուղը սպասարկող թիվ 59 երթուղին հանվել է։ Այսօր Քասախի բնակիչները դրա դեմ են բողոքում՝ փակելով Աշտարակ տանող ճանապարհը։ Բողոքի այս արդյունավետ միջոցը՝ կարևոր ավտոճանապարհներ փակելը, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն է սովորեցրել։ Հիմա այն բավական արդյունավետ օգտագործում են Հայաստանի հպարտ քաղաքացիները»։

***

«Գոռացի՝ դուխով, դուխով, ո՞ւր ես բա, Նիկոլ: Դրոշակը պահած գոռում էի՝ դուխով: Ով նստում է աթոռին, ամեն ինչ մոռանում է, ժողովուրդն է տանջվում»,- ասում է Երևան-Աշտարակ ճանապարհը փակած քասախցի կինը:
«2018-ին առյուծ էր, հիմա ոզնի է դարձել: Սաղ օրը Թուրքիայի հետ է խոսում, Ադրբեջանի հետ է խոսում»,- հավելեց մեկ այլ քասախցի:

«Երևի Ալիեւն էլ իր հոպարի տղեն ա, շարունակեց կինը»:

Հիշեցնենք՝ Քասախ համայնքի բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 59 երթուղին սպասարկող ավտոբուսից։ Հիմա որոշում է կայացվել, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more