-Արցախի անկախությունը ճանաչելու համար պետք է փոխենք ՀՀ Անկախության հռչակագիրը, կամ չեղյալ հայտարարենք: Այնտեղ նշված են բոլոր հիմքերը, որոնց հիման վրա անկախացել է Հայաստանի Հանրապետությունը: Դրանցից մեկը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն է, որով ԼՂ-ը միացել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությանը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցություններին՝ նկատեց.
-Պետք է փոխել բանակցությունների հիմքը, ասել, որ ստալինյան և օկուպանտ բոլշևիկների որոշումները չեն կարող հիմք հանդիսանալ: Իսկ մեր քաղաքականությունը Ադրբեջանին համոզելն է՝ ճանաչել ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Բայց այն ժամանակ, երբ Բաքուն անդամակցեց ՄԱԿ-ին, դա արդեն նշանակում է, որ ճանաչեց: Ուղղակի պետք է փոխել ազգին կործանող ու պառակտող քաղաքականությունը. որովհետև, եթե մենք ինքնորոշումն ենք առաջ քաշում, թող մեկն ինձ պատասխանի՝ այդ դեպքում ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների հարցն ինչպե՞ս են լուծելու: 7 շրջան տալու դեպքում տարիներ շարունակ Հայաստանն արնաքամ է լինելու: Ամեն օր սպանություն է լինելու: Հետևաբար՝ կամ պետք է միջազգային իրավունքի հիման վրա հարցը լուծենք, կամ հրաժարվենք ամեն ինչից:
Ասում են՝ խաղաղապահներ են լինելու: Հաջող խաղաղապահության օրինակներ բերե՛ք, խնդրում եմ: Նրանք այստեղ ոչ թե խաղաղություն են պահելու, այլ պարտադրելու են:
Շարունակելով նրա խոսքը՝ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ընդգծեց.
-Խաղաղապահները երբեք չեն միջամտում ռազմական գործողություններին: 1,5 ամիս առաջ խոշոր սկանդալ էր Կենտրոնական Աֆրիկայում, որովհետև պարզվեց՝ ՄԱԿ-ի խաղաղապահները մասսայականորեն բռնաբարել էին բնակչությանը:
Անի Կարապետյան