2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը, մյուս բնակավայրերը և խաղաղ բնակչությանը։
Պատերազմից 5 տարի է անցել, սակայն պաշտոնական հստակ տվյալներ չկան զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին։ Ըստ պաշտոնական հրապարակման, զոհվել է 3809 անձ։
Դիտեք նաև՝
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «44-օրյա պատերազմի կապիտուլյացիան ունի հստակ անուն՝ Նիկոլ Փաշինյան։
Ու տգիտության կամ քաղաքական անմեղսունակության ջատագովներ կարող են դիտարկվել բոլոր նրանք, ովքեր վերջինիս հետ միասին մեղավոր են ուզում կարգել նախորդ ղեկավարներին։
Նախկիններին /նախ և առաջ ՀՀԿ-ին/ ու ներկաներին /նիկոլիզմին/ հավասարաչափ մեղադրելը, նույնն է, եթե հերոս սպարապետ Վահրամ Պահլավունուն դավաճան Վեստ Սարգսի նման Անիի բանալիների հանձնման մեղավոր կարգել։
Չի կարելի համեմատել Դավիթ Բեկին ու մելիք Ֆրանգյուլին, Գարեգին Նժդեհին ու Ավիս Նուրիջանյանին։
Առաջիններն անկախության պայքարի մարմնավորում էին, երկրորդները՝ դավաճանության ու տմարդության։
Անթույլատրելի է նաև հայոց ազգին հաղթանակ պարգևած նախկին ղեկավարներին համեմատել Արցախը հանձնած Փաշինյանի հետ։
Նախկինը՝ հաղթանակ էր, ներկան՝ աղետ։
Նախկինը՝ հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի հայաթափումը։
Նախկինը՝ Եռատոնն էր, ներկան՝ «էրատոն»։
Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։
Նախկինը՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։
Նախկինը՝ արժանապատիվ խաղաղության տեսլականն էր, ներկան՝ կապիտուլյացիայի ուրվականը»։
***
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել:
Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում:
Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում:
Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ մոտիկից համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից:
Երբ պահեստազորի` նախապես հաստատված պլանների փոխարեն իրականացվում է ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը: Իսկ զորքը համալրելու փոխարեն ընտրվում է անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:
Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը` պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էի, որի պարագայում այս պատերազմը չսկսված արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»։
***
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ պատգամավորները, Արցախի թեմի առաջնորդն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։
Լրագրողներն Արցախի նախագահին հարց են ուղղել՝ կապված հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության գործընթացի վերաբերյալ․ «Մենք ողջունում ենք ցանկացած խաղաղություն, որն ուղղված է խաղաղությանը, սակայն նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից, սրբություններից։ Աչք փակելով այդ հարցի վրա՝ մեծ խնդիր են ստեղծում հետագայի համար»,- նշել է Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ հարցը պետք է ստանա լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով։
***
«Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի թեման չի փակվել․ «Ցեղասպանության համար Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի միջազգային հարթակներում։ Դա է պատճառը, որ Արցախի Հանրապետության իշխանությունների ու Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձննախումբ կա, որն աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Երկրորդը, պետք է պահպանվի Արցախի սուբյեկտայնությունը։ Երրորդը, բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասել է նա։
***
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի ադրբեջանական հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:
Այսպես սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը:
Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանական զինված ծառայողները Հադրութում գնադակահարեցին խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ Հակոբյանին և 25-ամյա Յուրի Ադամյանին` փաթաթելով Հայաստանի ու Արցախի դրոշներով։
Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական զինված ծառայողները գրավեցին Հադրութի Ազոխ գյուղը և գլխատեցին գյուղի բնակիչ 80-ամյա Յուրի Ասրյանին: Հոկտեմբերի 28-ին գլխատեցին Ասկերանի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանին` գլուխը խոզի մարմնի վրա դրված. հենց ադրբեջանական զինվորականներն իրենք էին նկարահանել գլխատումների ամբողջ ընթացքը, որ հետո իրենց բացառիկ ցինիզմով տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:
Այս կերպ պատերազմի ընթացքում ու անգամ պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ։
Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:
COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կաթվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:
Ամբողջն ուղեկցվում էր հայերի նկատմամբ ռասիզմի, թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական պետական քաղաքականություն էր: Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են:
Իրական խաղաղությունը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ ու դիմակայուն պետություն ունենալով է լինում, որտեղ չկա ներքին պառակտում, որտեղ հանրային համերաշխությունն ու իրավունքը խաղաղություն են ապահովում նաև երկրի ներսում:
Խոնարհումս բոլոր նրանց հիշատակի առաջ, որոնք ընկան հանուն հայրենիքի»։
***
«Ինչո՞ւ սկսվեց պատերազմը․ Նիկոլ Փաշինյանի այնպիսի քայլերի արդյունքում, որոնք բացեցին Ալիևի ձեռքերը՝ անելու այն, ինչ արեց»,- «Եռաբլուր»-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ Փաշինյանն ինքնախոստովանական բազմաթիվ ցուցմունքներ է տվել, որոնք «կարող են հիմք հանդիսանալ իր մեծ դատավարության համար»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet