4 երաժիշտ և 4 դաշնամուր կլինեն մեկ բեմում ու կնվագեն Բախ, Ռավել, Պուլենկ: Նրանք են՝ Գլորիա Կամպաները/Իտալիա/, Տրիստան Պֆաֆֆը/Ֆրանսիա/,Ֆրանսուա-Գզավյե Պոազան/Շվեցարիա/, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
«4 դաշնամուր մեկ բեմում: Սա գոյություն ունի դեռևս Բախի ժամանակներից: Նա գրել է կոնցերտ՝ 4 դաշնամուրի համար: Դժվարությունը մեկն է՝ ունենալ 4 գործիք մեկ բեմում, ինչպես նաև՝ 4 դաշնակահար: Հրաշք է, որ կարողացել ենք բոլորին հավաքել մեկ բեմում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Այս հրաշքին են սպասում նաև ներկա մյուս դաշնակահարները:
Գլորիան նշեց, որ շատ ունի հայ ընկերներ, ծանոթ է հայկական մշակույթին ու ցանկանում էր գալ Հայաստան:
Մեր երկիր առաջին անգամ էր այցելել նաև Ֆրանսուա Գզավյե Պոազան.
«Ժնևում մի թաղամասում եմ ապրում, որտեղ հայեր շատ կան: Նրանք հիմա նախանձում են ինձ, որ այստեղ եմ»,-ասաց դաշնակահարը:
Նշենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի «4 դաշնամուր մեկ բեմում» խորագիրը կրող համերգը տեղի կունենա մարտի 9-ին ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հավելենք, որ երաժիշտները անակնկալ մատուցեցին ասուլիսին ներկա իգական սեռի ներկայացուցիչներին՝ կատարելով Բրամսի վալսերից:
Անի Կարապետյան