Հայաստանի իշխանությունները պաշտպանում են 4 անգամ դատված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը Խաչատրյանին դատապարտող հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարանում:
Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչու է նա երկար ժամանակ հրաժարվում շրջանառության դնել իր հեղինակած հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին:
«Ուղղակի Դուք նման լիազորություններ չունեք չդնեք շրջանառության մեջ, դա Ձեր պարտականությունն է: Ես այդ կապակցությամբ Ձեզ փորձել եմ դատի տալ, որ այդպես լուծվի խնդիրը, բայց դատարանները հրաժարվում են հարցը վերցնել վարույթ, կողմնապահության խնդրից ելնելով: Ի՞նչն է պատճառը, որ Դուք խուսափում եք»,- հարցրեց նա, սակայն հավելեց, թե դնի, չդնի՝ անպատժելիության մթնոլորտը շարունակվում է:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալոիստ Սահակյանը հայտարարեց, որ Փոստանջյանի հայտարարությունը դատավճռի փորձ է: «Նման պահանջներով դուք դիմել եք դատարան, բայց այնտեղ Ձեր հայցը մերժել են, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, անհեթեթություն են համարել»,-ասաց խորհրդարանի խոսնակը:
Զարուհի Փոստանջյանը պնդեց, թե պետք է պատասխան տան այն մարդիկ, ովքեր պետական համակարգը խայտառակում են: «Այս ապօրինությունները պե՞տք է դադար ունենան, թե ոչ: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց խոցելի ենք մեզ համարում ՀՀ-ում: Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ հասարակության համար սպառնալիք»,-ասաց նա: