▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 միլիոն հայ Հայաստանում և միլիոնավոր հայեր աշխարհում սպասում են մի բանի՝ ուժեղ Հայաստանի ստեղծմանը. Սամվել Կարապետյանի ուղերձը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով․

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 28-ն է՝ մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը։ Այն օրը, երբ հայ ժողովուրդը որոշեց ապրել ոչ թե ուրիշների ողորմությամբ, այլ՝ իր պետությամբ։

1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, չուներ ռեսուրս, չուներ տնտեսություն, բայց ուներ ամենակարևորը՝ կամք։

Այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա։ Բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է։ Այսօր կրկին մեր առջև նույն հարցն է՝ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։

Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և, իհարկե, յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով։ Բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը։ Բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ՝ փիառի։ Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 հազար ադրբեջանցիները։

Փոքրիկ խմբակի կողմից նման միջոցառումների իրականացումն ունի միայն մեկ նպատակ՝ թաքցնել ձեզանից իրականությունը՝ ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու ծրագիրը։

Այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար։ Փաշինյանին չի հուզում մեր երկրի, մեր զինվորի անվտանգությունը։ Նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով։

Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ։ Ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։

Եվ այսօր, երբ Բաքվի բանտում դեռ պահվում են հայ գերիներ միայն նրա համար, որ հայ են, մենք իրավունք չունենք լռելու։

Թույլ պետության հետ հաշվի չեն նստում։ Թույլ պետությունից պահանջում են նոր զիջումներ։ Թույլ պետությանը պարտադրում են ապրել վախով՝ վախով, որ 300 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են մեր հողերում և մեր տներում։

Բայց մայիսի 28-ը վախի օր չէ։ Մայիսի 28-ը պետական կամքի օր է։

Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանը մտնում է որոշիչ ժամանակաշրջան։ Առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն լինելու։ Դրանք լինելու են պատասխան մի հարցի՝ արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է նորից վերցնել իր պետության պատասխանատվությունը։

Եթե դուք չեք գնում ընտրության, ձեր փոխարեն որոշում են ուրիշները։ Եթե դուք լռում եք, ձեր երեխաների ապագան գրում են ուրիշները։

Մենք պետք է վերադարձնենք հավատը պետության նկատմամբ, վերադարձնենք ուժը բանակին, վերադարձնենք արժանապատվությունը դիվանագիտությանը, վերադարձնենք վստահությունը հայ մարդուն։

Համոզված եղեք, որ միայն ժամանակակից տեխնոլոգիաներով, խելացի սահմաններով, պաշտպանված օդով, տեղական ռազմական արդյունաբերությամբ և արժանապատիվ զինծառայությամբ մենք կկարողանանք կառուցել ուժեղ բանակ և մնայուն խաղաղություն։

Երեք միլիոն հայ Հայաստանում և միլիոնավոր հայեր աշխարհում սպասում են մի բանի՝ ուժեղ Հայաստանի ստեղծմանը։ Եվ այդ Հայաստանը հնարավոր է կառուցել, եթե ժողովուրդը որոշի ոտքի կանգնել, որոշի չվախենալ, որոշի ընտրել պետությունը։

Դու արժանի ես ավելին։ Ուրեմն դու կգնաս ընտրության, և ադրբեջանցիները չեն գա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more