Տոնո Բորոյանի պատմությունը
Մուշ
Սաթենիկ Սարգսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի հոր պատմությունը: Նա Մուշում հայտնի լողորդ է եղել: Երբ գաղթի ժամանակ հասել են Արաքս, լողալով 22 հոգու օգնել է անցնել գետը, ինչից հետո մահացել է ցրտահարությունից:
«Իմ պապիկի հայրը՝ Բորոյան Տոնոն, Մուշ քաղաքում հայտնի լողորդ է եղել: Իրենց ասել են Բորոյի աշեր: Բորոյան Սմբատը՝ ֆիդայի Մախլուտոն, պապիկիս հորեղբոր տղան էր: 1914-ի սկզբին 3 ընտանիքով տեղափոխվում են Ալաշկերտ: 1914-ի նոյեմբերին, ջարդերից խուսափելով, ստիպված գաղթում են Հայաստան: Ճանապարհին 2 երեխան մահանում է: Հասնելով Իգդիր՝ պետք էր Արաքսի հակառակ ափն անցնեին:
Տանո պապը 22 հոգու լողալով անց է կացնում գետը՝ Աղասու, Սեթոյի և իր ընտանիքը, ինչից հետո սառում է ու մահանում:Ստիպված Իգդիրում թաղում եմ Տոնոյին ու հասնում Էջմիածին: Գայանե եկեղեցու մոտ մահանում է Ֆիդանի ու Տոնոյի Մարիամ անունով աղջիկը: Նրան ու էլի մի քանի գաղթականների թաղում են Գայանե եկեղեցու հարակից այգում: Պապիկս՝ Սարգսյան Սաղաթել Տանոյի, և իր մայրը՝ Բորոյան Ֆիդոն ու Սեթոյի ընտանիքը տեղափոխվում են Էջմիածնի Շահումյան գյուղը»: