Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Թուրքիայում տուրիստական հոսքերն օրեցօր կտրուկ նվազում են։ Նախ, մի կողմից նախորդ տարի ամռանը երկրում սկիզբ առած թուրք-քրդական դաժան բախումները, որոնք շարունակվում են առ այսօր և ավերակների են վերածել ամբողջ հարավ-արևելքը, և մյուս կողմից թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, որը կտրուկ նվազեցրեց թուրքական տուրիզմի թիվ մեկ սպառող ռուս քաղաքացիների հոսքն այս երկիր։
Այն, որ Թուրքիան տնտեսական ահռելի վնասներ է կրում համատարած ահաբեկչությունների և ռուսական շուկան կորցնելու արդյունքում դա շատ լավ է, բայց ես ուզում եմ մի շատ ցավալի բան նկատել այստեղ։
Ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո Անթալիան և թուրքերին շատ սիրող ռուս հասարակությունը մեկ մարդու պես, ազգային արժանապատվությունից ելնելով դադարեց իր հանգիստը կազմակերպել Թուրքիայում, որպեսզի ավելի պարզ լինի ասեմ, որ նախորդ տարվա համեմատ Թուրքիա գնացած ռուս տուրիստների թիվը պակասել է, ուշադրություն, 80 տոկոսով։
Հիմա գանք մեր հասարակությանը, գաղտնիք չէ, որ մեր Քոբուլեթիից հետո, մեր հայերի հանգստի ամենանախընտրելի վայրը Թուրքիան է։ Չէ դուք տեսեք, ընդամենը մեկ խոցված ռուսական ինքնաթիռ և ամբողջ հասարակության մեջ արթնացած ազգային արժանապատվության զգացում, բայց ի հեճուկս սրան՝ մեկ ու կես միլիոն մորթված նախնիներ, «հայ» բառը որպես վիրավորանք ընկալող թուրքական հասարակություն ու հարյուր հազարավոր հայեր Անթալիայի ափերին արևայրուք ընդունելիս։
Եվ ամենազզվելին այն է, որ ռուսը Անթալիայում հանգստից իրեն զրկելից չգանգատվեց թե ներքին տուրիզմ է թանկ է, բա ուր գնամ հանգստանալու, ուղղակի մտածեց, որ խոցված ուղղաթիռն իր որպես ռուսի արժանապատվության վիրավորում է, իսկ ինքն իր արժանապատվությունը տրորողի երկրին օգուտ չի բերի՝ ի տարբերություն մեզ հայերիս։