▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 աշխատող, 2 ամսվա պատմություն․ Ինչպե՞ս Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն ստացավ

FIP-ը գրում է․ Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան։ 

Հատկանշական է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝  այս տարվա հունիսի 4-ին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է առաջարկվող ներդրումային ծրագիրը, կազմակերպության հիմնադիրների ու նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալները։

Վարդերի ջերմոցային բիզնես՝ արտահանման համար

Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներկրել ջերմոցների կառուցման համար անհրաժեշտ 1․1 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումներ ու դրանց բաղկացուցիչ մասեր։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել է 57 մլն դրամ։

Ըստ որոշման նախագծի՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։

Կազմակերպության ներդրումային ծրագրի իրականացման համար սահմանված է 3 տարի՝ 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև 2028 թվականի հուլիսի 7-ը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2․1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ընկերության հարկային պատմությունը

Որոշման նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Պետական եկամուտների կոմիտեն նախ մատնանշել է, որ ներկրման համար ներկայացված ցանկում նշված ապրանքների վերաբերյալ տեղեկությունները «բավարար չեն ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգման ճշգրտության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար»։ Այնուհետև հայտնել է, որ ընկերությունը, ըստ ներկայացրած վերջին՝ 2025 թվականի հունիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի, ունի 1 հարկման բազա ունեցող վարձու աշխատող։

ՊԵԿ-ից միևնույն ժամանակ նշել են, որ հուլիսի 21-ի դրությամբ ընկերությունն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություն։

Այսինքն՝ ընկերությունը գործում է ընդամենը 2․5 ամիս, ունի 1 աշխատող և ժամկետանց հարկային պարտավորություն։

Ո՞ւմ է պատկանում «Ռոսե Գարդենը»

Ըստ Պետական ռեգիստրում ներկայացված տվյալների՝ ընկերության համասեփականատեր են Լուսինե Սամվելի Ալեքսանյանը և Արմեն Արթուրի Աղաբաբյանը։ Ընդ որում, Արմեն Աղաբաբյանը ընկերության վկայականի քաղվածքում գրանցված է որպես գործադիր մարմնի ղեկավար՝ 0․0007 տոկոս և 5000 դրամ բաժնեմասով։

Վերջինը Լուսինե Ալեքսանյանի ամուսինն է։ 

Լուսինե Ալեքսանյանը ընկերության 99․9 տոկոսի բաժնետեր է՝ 687,5 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ Ըստ ռեգիստրի՝ նա գրանցված է Երևանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more