Խնդրում եմ ՝ նայեք Նիկոլի դեմքին, երբ ինքը խփում է․․․Ռուբեն Մխիթարյան
Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում: Հիմա քիչ-քիչ շոշափում է ու հող է նախապատրաստում:
Եթե պետք լինի վերջում էլ կթռնի մասսայի պարզած ձեռքերի մեջ, միայն թե աշխարհի ամենատխմար բառերով, սխալ շեշտադրումներով երգը գոնե մի քիչ սովորեն:
Հ.Գ. Մի բան էլ: Եթե երիտասարդ կա, ում դուրը գալիս է Նիկոլի երաժշտությունը, խնդրում եմ նայեք Նիկոլի դեմքին, երբ ինքը խփում է, որովհետև դրա դեմքից երևում է, որ նույնիսկ իր դուրը չի գալիս»։
***
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ամեն ինչ ճշտով է»…
Տարիներ առաջ մեր բակում սոցիալապես ծանր պայմաններում ապրող մի ընտանիք էր բնակվում։ Ժողովրդական լեզվով ասած՝ մի թագ տղա ունեին, անունը՝ (փոխված) Շահեն։
Հասունության տարիքն առած Շահենը, փոխանակ գոնե ինչ-որ կերպ օգներ ընտանիքին՝ դժվարությունները հաղթահարելու հարցում, ամբողջ օրը բակում էր անցկացնում՝ «կարևոր» գործով զբաղված։
Սև շորեր, ծիծակ կոշիկներ, վերնաշապիկի կոճակների կեսը բաց, որ շղթան անպայման երևա, սեւ ակնոցները՝ պարտադիր։ Բակի կենտրոնում պպզած՝ որոշում էր՝ որն է ճիշտ, որը՝ սխալ։
Ամեն անգամ, երբ մեր բակի Սարո պապը տեսնում էր Շահենին բարևելիս նույն խոսքն էր ասում․ «Շահեն ջան, էռնեկ ծըռերուն» (Շահեն ջան, երանի խենթերին)։
Շահենն էլ, իր ոճի մեջ, խոսքի տակ չէր մնում ու ձայնի հատուկ առոգանությամբ պատասխանում էր․ «Պապի ջան, հմեն ինչ ճշտովը» (պապի ջան, ամեն ինչ ճշտով է)։
Հերն էլ անիծած, որ այդ «ճշտի» պատճառով ընտանիքը կոմունալների փող չէր ճարում, էլ չասեմ առողջական խնդիրներ ունեցող ծնողների դեղերի գումարը։ Բայց Շահենի համար դա խնդիր չէր․ ինքը միշտ բակում էր՝ իր «ճշտով»։
Այս պատմությունը հիշեցի, երբ տեսա մեր երկրի վարչապետի «Վարչաբենդ» նախաձեռնությունը։ Կարծում եմ՝ հազարավոր մտքերի փոխարեն՝ Սարո պապիկի ու Շահենի այդ կարճ երկխոսությունն ամբողջությամբ տեղավորվում է այս թեմայի շուրջ թե՛ տրվող հարցերի, թե՛ ստացվող պատասխանների տրամաբանության մեջ։
Բայց կա մի էական տարբերություն։
Այս պարագայում մեր երկրի ճիշտն ու սխալը որոշողը լինելու ես դու, հարգելի՛ ընթերցող։ Գալիք խորհրդարանական ընտրություններին քո քվեն է որոշելու «թաղի» կանոնները։
Թե չէ, եթե ոչինչ չփոխվեց, Շահենը խնդիր չունի, նա մեր հազարավոր մտահոգություններին ի պատասխան նույն ինքնավստահ տոնով կրկին ասելու է․ «Ամեն ինչ ճշտով է»»։