▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաղաղության ժամանակը եկել է». Թրամփ

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

 

Իրանի և Իսրայելի միջև հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր գոյություն չունի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Սակայն, եթե իսրայելական ռեժիմը Թեհրանի ժամանակով ժամը 4-ից սկսած դադարեցնի իր ապօրինի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ, մենք նպատակ չունենք շարունակել մեր պատասխան գործողությունները։ Մեր ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ»,- հայտնել է Արաղչին։

Նշենք՝ իսրայելական կողմից հրադադարի մասին հայտարարություն դեռ չի եղել։

Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է. «Իր ագրեսիայի համար Իսրայելին պատժելու մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ առավոտյան ժամը 4-ը»։

Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարին՝ այն պայմանով, որ Իրանը դադարեցնի իր հարձակումները։ Ըստ աղբյուրի՝ Թեհրանը համաձայնել է այդ պայմանին։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցկայքի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Շնորհավորում եմ ամբողջ աշխարհին, խաղաղության ժամանակը եկել է»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։

«ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ։ Իսրայելը և Իրանը լիովին համաձայնության են եկել, որ կլինի լիակատար և տոտալ ՀՐԱԴԱԴԱՐ (մոտ 6 ժամից, երբ Իսրայելը և Իրանը կավարտեն իրենց ներկայիս, վերջնական առաքելությունները), 12 ժամ, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Իրանը պաշտոնապես կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԱՐԸ, իսկ 12-րդ ժամին Իսրայելը կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԱՐԸ, իսկ 24-րդ ժամին աշխարհը կնշի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր ՀՐԱԴԱԴԱՐԱՐԻ ընթացքում մյուս կողմը կպահպանի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՐԳԱՆՔԸ։

Ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է, և այդպես էլ կլինի, ես կցանկանայի շնորհավորել երկու երկրներին էլ՝ Իսրայելին և Իրանին, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա։ Աստված օրհնի Իսրայելին, Աստված օրհնի Իրանին, Աստված օրհնի Մերձավոր Արևելքը, Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Աստված օրհնի աշխարհը»։ Այս մասին Թրամփը երեկ երեկոյան գրել է Truth Social-ում։

Այնուամենայնիվ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանն ու Իսրայելը շարունակել են միմյանց դեմ հարձակումները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին