▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի վարչապետը Թբիլիսիի անկարգությունների համար մեղադրել է ԵՄ դեսպանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Եվրոպական Միության դեսպանն է պատասխանատվություն կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար։

Կոբախիձեն իր ճեպազրույցի ընթացքում նշել է, որ արտերկրի որոշ անձինք, այդ թվում՝ ԵՄ ներկայացուցիչը, հրապարակավ աջակցություն են հայտնել սահմանադրական կարգի տապալման փորձին։ Նա կոչ է արել ԵՄ դեսպանին արտահայտել իր դիրքորոշումն ու հստակ դատապարտել փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները։

***

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատար է «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն՝ 71,588 տոկոսով։

Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության համատեղ թեկնածու Իրակլի Կուպրաձեն, հավաքել է 12.4% ձայն, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

***

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրել է. «Վրաստանում «նավակը ճոճելու» հերթական փորձն է, որի առիթը ՏԻՄ ընտրությունն է: Փորձերն իհարկե չեն դադարելու: Վրաստանը հիմնարար նշանակության կետ է Կովկասում եւ Սևծովյան ավազանում: Եվրաատլանտյան ուլտրագլոբալիզմը այդ կետը հեշտությամբ չի հանձնելու, չի հրաժարվելու այդ կետից:

Թրամպը առայժմ գոնե հրապարակավ «անհաղորդ» է, չնայած «Վրացական երազանքը» տևական ժամանակ փորձում է իր վրա հրավիրել նրա ուշադրությունը:

Միևնույն ժամանակ, դիցուք, «Թրամպի ուղղին», ըստ էության, իր ռազմավարական-ռազմաքաղաքական նշանակության իմաստով չի կարող լինել կենսունակ նախագիծ, եթե «չընկնի» Վրաստանը: Հետևաբար, նրանք, ովքեր Թրամփի սեղանին են դրել այդ «ուղին», նրա սեղանից էլ «հեռացնում» են, թերևս, Վրաստանի թեման:

«Թրամպի ուղի» անունն է միայն, իրականում այն նախորդ՝ դեմոկրատական վարչակազմի նախագիծն է, որը հմտորեն «իրագործվել» է՝ Թրամպի «սիրամարգությունը» հաշվի առնելով»։

Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»՝ թելեգրամյան ալիքում։

Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։ Շատերը ցույցի են դուրս եկել ԱՄՆ–ի և Եվրամիության դրոշներով։

Նախագահական պալատի մերձակայքում սկսվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։

Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենա են կիրառել։

Թբիլիսիում շարունակվում է զանգվածային բողոքի ակցիան, որի ընթացքում ցուցարարները ամբողջությամբ փակել են քաղաքի գլխավոր՝ Ռուսթավելի պողոտան և Ազատության հրապարակը։ «Sputnik-georgia-ի» հաղորդմամբ,

Այս շարժումն ակցիայի կազմակերպիչները բնորոշում են որպես «իշխանության խաղաղ տապալում» և «դրոշների խաղաղ հեղափոխություն»։ Ցույցը մեկնարկել է ուսանողական երթով, որին միացել են հազարավոր քաղաքացիներ։

Կազմակերպիչների խոսքով՝ հիմնական հանրահավաքը և ելույթները նախատեսվում են երեկոյան ժամերին։ Ցույցի մասնակիցներին նաև ներկայացվելու է հռչակագիր, որով կհայտարարվեն հետագա գործողությունների մասին։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հորդորել է ակցիայի մասնակիցներին պահպանել օրենքը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Նախարարության տարածած հայտարարությունում նշվում է, որ օրենքի խախտման յուրաքանչյուր դեպք կհանգեցնի իրավական համապատասխան արձագանքի՝ ոստիկանության կողմից։

Բողոքի ակցիային կմիանան նաև Վրաստանի տարբեր մարզերից ժամանած ցուցարարներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին