▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վճռորոշ պահ է՝ թողնելու ենք, որ ՀՀ մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ մեր վերջին հողը պահելու ենք հայկական»․ Նարեկ Կարապետյան

«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․․․ Թողնելու ենք, որ Հայաստան մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին հողը՝ հայկական»,- այս մասին այսօր հրավիրված մեծ հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար, իսկ ով ցանկանում է հայկական վերջին հողը՝ մեր հայրենիքի 10 տոկոսը պահպանել հայկական և ուժեղացնել, կարող է քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի համար»,- նշեց Կարապետյանը։ Նա նաև ցույց տվեց մի փաստաթուղթ՝ նշելով․ «Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է «Արևմտյան Ադրբեջան» պետության՝ Ադրբեջանի կողմից տպված կոնցեպտից, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու ՀՀ վերադարձի համար։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է․․․»։ Նարեկ Կարապետյանը պատռեց «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը՝ ընդգծելով․ «Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու»։

***

«Խաղաղություն չի կարող լինել՝ վախ տարածելով, խաղաղություն չի կարող լինել՝ Ադրբեջանի պահանջով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելով»,- այս մասին այսօր հրավիրված հանրահավաքում նշեց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Հայի տեսակը ուժեղն է, արժանապատիվն է և մարդասերն է․․․ Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր արժեքները, կա՛մ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք»,- ընդգծեց Վարդևանյանը։

***

«Ամենաամոթալին, որին մենք ականատես ենք լինում, դա երկրի ղեկավար կոչվածի վերաբերմունքն է զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին», Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում այս կարծիքը հայտնեց հասարական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ո՞վ դառար, որ գերի ընկածի երեխային ձեռք առնես։ Ո՞վ ես դու»,- ասաց Մխիթարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ինչին հաջորդեց հանրահավաքի մասնակիցների վանկարկումը․ «Ա-մոթ-ա-մոթ»։ Մխիթարյանի ելույթի ժամանակ շատերը հուզվեցին, երբ նա սկսեց կատարել․ «Արշալույս էր, նոր էր բացվել․․․» երգը։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ տեսակապի միջոցով հեռարձակվեց կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ուղերձը։

«Փոփոխությունները գալիս են․․․ Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում հունիսի 7-ից հետո։ Յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով․․․ Ես երաշխավորում եմ»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը պետք է կայացնի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը և վճռի այս և գալիք սերունդների ապագան։

«Այսօր սրանից ավելի կարևոր հարց չկա։ Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ազատ և ուժեղ Հայաստանում»,- հավելեց Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին