Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Չեմ պատրաստվում որևիցե ձևով արձագանքել այդ պերսոնաժին: Թող գնա Միշիկին հարցնի, իրեն աշխատավարձ տվող անձնավորությանը հարցնի՝ էդ որ պատերազմը նոր էր ավարտվել, էդ որ գրում էիր 4750, Ֆարմանյան Սամվելի կողմի՞ց էր էդ ինֆորմացիան, թե՞ Սերժ Սարգսյանի ապրիլյան պատերազմի թվերն էիր մեջը դրել, թե՞... ինքն ընդհանրապես ո՞վ է, որ իրեն մեկնաբանեմ»:
***
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խնդրանք լրագրողներին.
Սովորաբար Նիկոլը, երեկ էլ Ալենը հրապարակել է արցախյան վերջին պատերազմի զոհերի թվաքանակը՝ 3833 զոհված և 191 անհայտ կորած:
Նախ, մեծագույն ամոթ ու չմոռացվող խարան է, որ ՀՀ իշխանությունները 2020թ. պատերազմից 5 տարի անց էլ չեն հանրայնացրել այդ պատերազմի և հետագա ողբերգությունների ժամանակ մեր ունեցած զոհերի անվանական ցանկը:
Հայկական կողմի զոհերի թվաքանակի վերաբերյալ քաղաքական այս «շահարկումները» (հանրային խոսույթում ու մամուլում պատերազմի ավարտից ի վեր 5000 թիվն է շրջանառվում, իսկ իշխանությունները պնդում են դրա ուռճացված լինելը), հետևանք է երկու պարզ հանգամանքի.
Ա.) կառավարությունը չի հրապարակել մեր զոհերի անվանական ցանկը,
Բ.) ոչ միայն այս, այլ որևէ թեմայով Նիկոլի ու նրա կառավարության խոսքերի վերաբերյալ առաջին միտքը, որ հանրության գլխում առաջանում է՝ կասկածն ու թերահավատությունն է:
Տարիներ առաջ մի տաքսու վարորդ իդեալական ձևակերպեց. Նիկոլը, որ քեզ բարի լույս ասի, առաջինը պիտի ստուգես, հո արդեն իրիկուն չի՞:
Գալով բուն հարցին, կրկնեմ խնդրանքս լրագրողներին օգնել՝ վերջնական պարզություն մտցնել այս հարցում: Դուք դա կարող եք լուծել:
2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ իշխանությունները իրենք հայտարարել են, որ 2020թ. պատերազմում ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի քանակը եղել է 3781, իսկ 283-ը համարվել են անհետ կորած:
Միևնույն ժամանակ, այն ժամանակվա արցախյան իշխանությունները հայտարարել են, որ 2020թ. պատերազմում զոհվել է ԼՂՀ քաղաքացիություն ունեցող 822 քաղաքացի, իսկ 65-ը համարվել են անհետ կորած:
Հաշվի առնելով, թե, ցավոք, ինչիպիսին էր անհետ կորածների ճակատագիրը, ստացվում է, որ միայն 2020թ. պատերազմի ժամանակ հայկական կողմի մարդկային կորուստների ընդհանուր քանակը կազմել է առնվազն 4951:
Թեև չեմ պնդում, բայց ունեմ մեծագույն կասկած, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմի ավարտից հետո իր «+-50» անբարոյական տրամաբանության մեջ միտումնավոր շրջանառության մեջ դրվել է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի թվաքանակը, ու հենց այստեղ է ընկած խաբեության ու մանիպուլյացիայի արմատը:
Մինչդեռ, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերի հանրագումարը ճիշտ այն է, ինչ տարածված է մեր հանրային խոսույթում:
Չհաշված, իհարկե 2022թ. ադրբեջանական ներխուժման ժամանակ մեր ունեցած զոհերը, և ապա 2023թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախում մեր զոհերը, ինչը Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմներում մեր ունեցած զոհերի թիվը դարձնում է 5000-ից էլ ավելի՝ 5074: Խաղաղ պայմաններում ու անփույթ կառավարման արդյունքում մեր ունեցած տասնյակ ցավալի զոհերի մասին լռենք:
Մեր լրագրողներին խնդրում եմ օգնել՝ ճշտելով ու ստուգելով, թե արդյո՞ք Նիկոլի ու կառավարության կողմից ներկայացված 2020թ. պատերազմի զոհերի վիճակագրության մեջ հաշվարկվել են նաև ԼՂՀ քաղաքացիություն ունեցող զոհերը, թե անգամ զոհերի հարցում է խտրականություն դրվել»:
***
Կարդացեք նաև՝
|
Լրագրողի հարցին՝ վախենո՞ւմ եք Արման Թաթոյանի հետ բանավեճից, Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կատակեց. «Շա՜տ, գիշերները չենք քնում, զանգում ենք իրար, ասում՝ դու էլ քնած չե՞ս...»: Դիտեք նաև՝ |


