ermenihaber-ը գրում է.Թուրքական թատրոնի դերասանուհի Բահար Հաջըբեքթաշօղլուն պիես է հեղինակել Թուրքիայում հասարակաց տների հայտնի տիրուհի Մաթիլդ Մանուկյանի կյանքի ու գործունեության մասին: Մոնոներկայացման միջոցով բեմից ի ցույց է դրվում Մանուկյանի կերպարը, որը մարմնավորում է պիեսի հեղինակը` Բահար Հաջըբեքթաշօղլուն: Պիեսը նախապատրաստվել է 11 ամսում: Պրեմիերային ներկա են եղել Մաթիլդ Մանուկյանի ազգական Մանուկ Մանուկյանը և նախկինում Մանուկյանների տանն աշխատած մի կին:«HaberTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Հաջըբեքթաշօղլուն պատմում է, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել գիրք գրել Մանուկյանի կյանքի մասին, բայց ավելի ուշ հասկացել է, որ բեմը շատ ավելի նպատակահարմար է իր ընտրած հերոսուհուն բազմակողմանիորեն ներկայացնելու համար: Թուրք դերասանուհին Մանուկյանի մասին տեղեկություններ է հավաքել ինտերնետից, փորձել է կապ հաստատել նրա որդու հետ, սակայն վերջինս չի արձագանքել, ապա գտել է Մանուկյանին անձամբ ճանաչած կանանց:
Ըստ Հաջըբեքթաշօղլուի՝ անկախ կատարած աշխատանքի բնույթից՝ Մանուկյանը Թուրքիայի ամենահիանալի մարդկանցից մեկն է եղել: Նա նաև պատմել է, որ Մաթիլդ Մանուկյանի կյանքի դրաման սկսվել է մի թուրք սպայի հետ դժբախտ սիրո պատմությունից, որից հետո Մաթիլդը կարծես որպես վրեժ սկսել է զբաղվել կանանց վաճառքով: Սակայն, ըստ Հաջըբեքթաշօղլուի, Մանուկյանը երբևէ չի ափսոսել իր ընտրած ճանապարհի համար, նա նույնիսկ հպարտացել է դրանով: «Մանուկյանի նման կերպարներին բեմականացնելը դժվար գործ է: Բայց ես հավատում էի իմ աշխատանքին, ես աշխատում էի՝ Մաթիլդին հավատալով: Պիեսը գրելիս ես նույնականանում էի Մաթիլդի հետ, գրում այն, ինչ տեսնում էի նրա սրտում: Դա յուրատեսակ ուղևորություն էր դեպի Մանուկյանի հույզերի աշխարհը»:Նշենք, որ Մաթիլդ Մանուկյանը ծնվել է 1914-ին Ստամբուլում, մահացել` 2001-ին: Հասարակաց տների և անշարժ գույքի բիզնեսով զբաղված այս տիկինը 1990-ականներին մի քանի տարի շարունակ եղել է Ստամբուլի ամենախոշոր հարկատուն: