▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթուլի շիրիմի մոտ էինք, երբ մի հզոր արծիվ թևածեց՝ գրավելով բոլորիս ուշադրությունը.Քույրը՝ ազգային հերոսի մասին

Լրացավ Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակը:Տարեդարձի առթիվ հիշատակի և ոգեկոչման միջոցառում  կազմակերպվեց նրա հայրենի գյուղում, որն այժմ կրում է հերոսի անունը:

«Նրա շիրիմի մոտ էինք, երբ մի հզոր արծիվ թևածեց շիրմաքարի մոտ՝ գրավելով բոլորիս ուշադրությունը: Եվ մենք հասկացանք, որ նրա ու մյուս ազգային հերոսների հոգիները միշտ մեզ հետ են»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը:

Ազգային հերոսի քրոջ խոսքով՝ Թաթուլին նվիրում ու հաղթանակ է տվել  պապերի արյան կանչը, որոնք գաղթել էին Արևմտյան Հայաստանից:

«Թաթուլի մանկության հեքիաթները տատիս պատմած գաղթի պատմություններն էին: Նա ասում էր՝ գնանք հասնենք մինչև Մասիս ու այն էլ տուն բերենք: Շատ բանաստեղծություններ ունի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Գրել է 1984 թվականին:

Կաղնին ընկավ շառաչելով,

Ձայնից ուժգին զարթնա ես,

Վարպետ, ասի, էս ի՞նչ ցավ էր, 

Էս ի՞նչ վիշտ է պատել մեզ:

***

Ես պարում էի,

Քամին ինձ հետ,

Մենք կարծես մի մոր զավակ լինեինք

Ես պարում էի,

Ես՝ քամին հպարտ:

Քամու հպարտության հետ իր հպարտությունն ու նվիրումն էր Հայրենիքին»,-նկատեց Ռուզաննան:

Լրացնելով նրա խոսքը՝ «Վարդանանք» ռազմահայրենասիրական կենտրոնի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը հավելեց.

«Հայրենասեր ասելը շատ քիչ է, ինքը նաև ազգագրագետ է:  Ուներ համախոհների խումբ, որոնք ազգային երգ ու պարի կրողներն էին նույնպես»:

 

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Արեգ գյուղում (Թալինի շրջան, Արագածոտնի մարզ, ՀՀ): 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 
1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:
 
1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են Կոլցո գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին:
Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում: 

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Արեգ գյուղում (Թալինի շրջան, Արագածոտնի մարզ, ՀՀ): 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: 1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են Կոլցո գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին:Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում: 

 

                                                                                                    Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին