Ապրիլի 28-ին ժամը 29-ին Երևանի Կամերային թատրոնի «Երկաթ» ակումբում կանցկացվի «Մենք դեռ գալու ենք» գրական-երաժշտական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որի ընթացքում կլինի նաև «Սողոմոն Թեհլերյան» մեդալների հանձնման արարողություն՝ հայ վրիժառուներին:
«Զորավար» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի խոսքով՝ միջոցառումը նվիրված է մեր հերոսներին, ովքեր կարողացան ապացուցել, որ վրեժխնդրությունը երբեք չի կարող մահանալ:
«Ֆիլմը Վրեժ Սարուխանյանինն է: Կա մի հատված, երբ նա ծնկի է գալիս Մհերի դռան առջև, ձեռքերով խփում է դռանն ու ասում՝ բացվի՛ր: Ինչ էլ ուզում է լինի՝ Մհերի դուռը բացվելու է մեր ազգի առջև, այն մերը կլինի»,-ասաց նա:
Տիգրան Պետրոսյանցի փոխանցմամբ՝ պատրաստվել է «Սողոմոն Թեհլերյան» մեդալը, որի վրա գրված է «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ».
«Կարմիր գույնով մեդալը կտրվի 61 հոգու.Նեմեսիսն իրականացրած անձանց՝ հետմահու: Այն ուղարկվելու է Ցեղասպանության թանգարանին՝ ի պահ: Այս գույնը մեր վրեժն է խորհրդանշում:
Դեղին գույնը՝ կյանքը խորհրդանշող և այդ կյանքի համար պայքարած կազմակերպությանը՝ ԱՍԱԼԱ-ին: Այն կառույց է, ունեցել է դրոշ, մոտեցում: Որդեգրել է ոչ միայն Հայկական հարցի բարձրացումը, այլ, առաջին հերթին, պատմական տարածքների վերականգնման խնդիրը: Սպիտակ մեդալը կտրվի այսօր դեռևս ապրող և վրեժխնդրությանը մասնակցած մարդկանց»:
«Զորավար» հիմնադրամի տնօրենը նկատում է՝ թուրքը երբեք չի փոխվի.
«Բերեմ հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա Շահան Նաթալիի խոսքերը. Թուրքը երբեք չի փոխվի՝ լինի գլխարկով, թե ֆեսով, կգրի լատինատառ, թե արաբատառ, թուրքը մնում է թուրք: Բոլորս դրանում համոզված ենք: Սումգայիթում այն նույն ձևերն էին իրականացնում, որը կատարվեց 1915 թվականին: Ես երբեք չեմ ների նրանց: Տեսել եմ հղի կնոջ կտրած փորը ու թե ինչպես էին դեռևս չկազմավորված երեխային հանել ու գցել նրա վրա: Ես դա երբեք չեմ ների, ես ինձ չեմ ների, որ դա տեսել եմ:
Անի Կարապետյան