Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ -ի տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավի մասին:
Սուզորդներն արդեն 6-րդ տարին է, ինչ գալիս են Հայաստան: Նրանց խոսքով՝ Հյաստանում քիչ են սուզորդները, իսկ Սևանում շատ բաներ կան՝ տեսնելու, հասկանալու համար:
Սևանը մեկ-մեկ անակնկալներ է անում, ասում են նրանք ու շտապում տեղեկացնել. վերջերս Կղզու հյուսիսային կողմում ուղտի գանգ և քարե տարա են գտել.
«Ստորջրյա արշավների ընթացքում 8 մետր 40 սմ խորությունից շատ հետաքրքիր գանգ գտա, որը հանեցի դուրս , հետո պարզվեց, որ ուղտի գանգ է: Սա արդեն ուղտի երկրորդ գանգն է»,-ասաց Վահե Մելքոնյանը:
Սուզորդները նկատում են՝ գտածոները հանձնելու են գիտնականներին, իսկ մինչ այդ իրենք հետաքրքրվել ու եկել են հետևյալ եզրահանգմանը.Սևանում ուղտի գանգի առկայությունը կամ մետաքսի ճանապարհի հետ է կապված, կամ էլ՝ բնակիչների այն պնդումների հետ, որ ժամանակին այս տարածքում ուղտերի ֆերմա է եղել:
Սուզորդների խոսքով՝ առաջնային խնդիրներից է աղտոտվածությունը. աղտոտված է և՛ Սևանա լճի հատակը, և՛ ափերը:
Անի Կարապետյան