ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ա» կետից «Գ» կետ հասնել ցանկացող ուղևորի հետ է հեգնանքով համեմատել Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են միանալ Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ։
«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, տարանցիկ թռիչք։ Մի քանի ուղևոր անցել են բոլոր տեսակի ստուգումները, սահմանային և այլ հսկողություններ։ Նրանցից յուրաքանչյուրը բարեխիղճ է և ունի իր նպատակներն ու խնդիրները։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստեցումը, ուղևորներից մեկը, որը կարծես գրանցված է այդ չվերթի համար, հանկարծ ասում է՝ գիտեք, ես «Բ» կետ չեմ գնում, ես գնում եմ… երևի ավելի մոտ է ասել՝ «Գ» կետ»,- Sputnik ռադիոյի եթերում ասել է Զախարովան։
Խոսելով Հայաստանի իշխանության ՝ ԵԱՏՄ-ում մնալով ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին՝ նա նշել է, որ «սա արդեն նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ»։
«Աննորմալ է, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որևէ ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Եթե ցանկանում ես «Գ» կետ հասնել «Բ» կետով, դա նույնպես հնարավոր է։ Դա կոչվում է տարանցում։ Բայց դրա համար գոյություն ունի որոշակի լոգիստիկա։ Երբ գրանցվում ես «Բ» կետի համար, թռչում ես, այնտեղ իջնում, հրաժեշտ տալիս բոլորին և գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել քո ընտրությունը, խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։


