▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուստամից չէի սպասի նման բան. ով արել է՝ պիտի պատժվի ամենախիստ ձևերով․ «Ֆազի» ընկերուհի Մարիա Ավետիսյան

Մի քանի օր առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, տեղի ունեցավ քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի՝ 2024 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած սպանության գործով հերթական դատական նիստը։ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է Չաղ Ռուստամ մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանը և Աշոտ Կյուրեղյանը, որոնք կալանավորված են։ Նրանք այդ օրը բերվել էին դատարան։

Դատարան էր հրավիրվել նաև Մարիա Ավետիսյանը, որը Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» ընկերուհին էր, իսկ մինչ այդ մտերմություն է արել Չաղ Ռուստամի հետ։ Նա դատարան էր հրավիրվել՝ ցուցմունք տալու որպես վկա, քանզի գործի նյութերի մեջ նրա անունն էր շրջանառվում, որ իր պատճառով է ծագել «Ֆազի» և Չաղ Ռուստամի միջև վեճը, ինչն էլ դրդել է Չաղ Ռուստամին՝ վրեժ լուծել «Ֆազից»։ 

Ռուստամ Ստեփանյանը դատարանում բավականին արգեսիվ էր պահում իրեն՝ դժգոհելով մամուլի հրապարակումներից, թե իրեն անվանում են իշխանությունների սրտի քրեական հեղինակություն, որ ինքն է կազմակերպել «Ֆազի» սպանությունը և այլն։

Դատարանը մի քանի անգամ փորձեց սաստել նրան, Ռուստամն էլ հատուկ մամուլի համար երևի հայտարարեց, թե ինքը կապ չունի այդ սպանության հետ, և որ ոչ մի քրեական հեղինակություն չի կարող իշխանությունների սրտում տեղ ունենալ։ Ռուստամ Ստեփանյանը հավանաբար մոռացել էր, որ «Ֆազի» սպանության համար հենց ինքն ու իր ընկեր Աշոտ Կյուրեղյանն էին այդ պահին մեղադրյալի աթոռին նստած, իրենք են այդ գործով կալանավորված, և ինքն էր, որ ոչ մի կերպ «տեղ չունենալով իշխանություններ սրտում՝ որպես քրեական հեղինակություն», մտերմություն էր անում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ (այդ մասին վկայող տարբեր դրվագներ և լուսանկարներ կան): 

Ինչևէ, Մարիա Ավետիսյանը հարցաքննության ժամանակ հայտարարեց, որ երկուսի հետ էլ մտերմություն է ունեցել, բայց այդ դեպքի մասին մամուլից է տեղեկացել, և երբ դատախազը սկսեց նրան անձնական բնույթի հարցեր տալ, դատարանը որոշեց դռնփակ անցկացնել նիստի այդ հատվածը։

Նիստից հետո MediaHub մի քանի հարց է ուղղել Մարիա Ավետիսյանին։

-Մարիա, ինչո՞ւ որոշվեց Ձեր հարցաքննությունն անցկացնել դռնփակ ռեժիմում։ 

-Դե, անձնական բնույթի հարցեր էին շոշափվում, դրա համար էլ դեմ էի, քանի որ առհասարակ ինձ դուր չի գալիս մասնակցել էդ դատերին, ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված իմ՝ էնտեղ գտնվելը։ Քանի որ շփում եմ ունեցել, հավանաբար դրա համար կանչում են ինձ։ 

-Ձեզ կանչում են, որովհետև, որքանով հայտնի է քրեական գործի նյութերից, այդ ողբերգական դեպքը, ասում են, հենց Ձեր պատճառով է եղել։ 

-Չէ, իմ պատճառով չի եղել, որովհետև երկուսն էլ բավականին հասուն և կայացած անձնավորություն են, իսկ թե այդ ողբերգական դեպքը ում ձեռագիրն է՝ դա մենակ Աստծուն է հայտնի, ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դա բավականին պատասխանատու հարց է։ Ես էլի եմ ասում՝ շատ ցավում եմ, որովհետև Սերգեյ Գրիգորյանը շատ լավ անձնավորություն էր, շատ լավ մարդ էր, ես նրան սիրում եմ, հարգում եմ, ու մինչև կյանքիս վերջ էդ ամեն ինչը իմ մեջ չի փոխվի։ Բայց թե ինչ է եղել, ես վաղուց կապ չեմ ունեցել ո՛չ Ռուստամի հետ, ո՛չ Սերգեյի հետ, արդեն բավականին վաղուց։ Այսինքն՝ չգիտեմ ինչով է իմ անունը պայմանավորված։ 

-Դե, այնտեղ նամակագրություն կար, ըստ նյութերի՝ Ձեր հասցեին կամ Ձեզ առնչվող ինչ-որ հայհոյանքներ են գրվել սոցցանցում, ինչից էլ սկսվել է այդ ամենը։ 

-Էդ վիրավորանքը ինձ հետ կապված չէր, ինքն էլ տղամարդ է, հիմա Դուք Ձեր կողակից աղջկա համար ինչ-որ բան չե՞ք անում։ Ցանկացած տղամարդ, կարծում եմ, որ կանի, բայց դա չէր կադրող հանիսանալ, որ էսօր նման ողբերգական դեպք լիներ, որովհետև յուրաքանչյուրս չգիտենք, թե մենք մեր մեջքի հետևում քանի հատ թշնամի ունենք, ու ինչ կարա լինի վաղը մեզ հետ։ Բայց ես Ձեզ ասեմ՝ ես բավականին ճանաչված մարդ եմ իմ գործի մեջ, կոսմետոլոգ եմ, ու էդ սայթերում իմ նկարները մինչև օրս էլ տեղադրում ու տարբեր բաներ են գրում, բայց ես ուշադրություն չեմ դրաձնում դրանց։ Սերգեյ Գրիգորյանն էլ էն տղամարդը չէր, որ նստեր նայեր՝ ինչ են գրում էջերում։ Այսինքն՝ էնպես չի, որ էդ սայթերից բխող որևէ մի բան կարար նման բանի հանգեցներ։ Դա իմ կարծիքն է, և քանի որ ես շփվել եմ ու հրավիրվել էի որպես վկա, տարիներով գնում ա էս թեման, ուզում եմ հասկանալ՝ իմ մեղքը ինչում ա, քանի որ բավականին հասուն մարդկանց մասին է խոսքը գնում, բոլորը գիտակից մարդիկ են։

-Տարիներով ո՞ր թեման է գնում, Ձեզ հետ կապված երկու անձանց՝ Ռուստամ Ստեփանյանի և Սերգեյ Գրիգորյանի միջև վե՞ճը։ 

-Երկու անձանց վեճը․․․ ես՝ ինքս, ներկա չեմ եղել ու չեմ էլ տեսել, որ իրենք իրար հետ վիճեն, ես նման բաների ականատես չեմ եղել, և ես դատարանում էլ նշեցի, որ Սերգեյ Գրիգորյանը էն տղամարդն էր, որ ինքը տղամարդկանց խոսակցությունները ինձ չէր գալիս- ներկայացնում։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ ով էս ամեն ինչի հետ կապ ունի, պիտի ինքը Աստծուց պատժվի, ինքը չպետք ա անպատիժ գնա կյանքում։ 

-Աստծու մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց իրավապահ մարմինները, համենայնդեպս, մեղադրում են Ռուստամ Ստեփանյանին՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու մեջ, և ասում են, որ այդ ամեն ինչի հիմքում Ձեզ հետ կապված վեճն է եղել։ 

-Ես չեմ կարծում, որ չորս տարի հետո կարող է ինչ-որ մեկը փորձեր վրեժ լուծել, կարող է էնտեղ ուրիշ հարցեր են եղել, որովհետև ես չեմ շփվել նրա հետ, չեմ կարող ասել։ Իսկ ինչ վերաբերում է Ռուստամին, եթե ինքն է արել, ուրեմն ինքը պիտի պատժվի ամենախիստ ձևերով, բայց ինչքան որ ես իրեն ճանաչում եմ, ես չէի սպասի իրենից նման բան, որ Ռուստամը նման բանի ընդունակ է։ Դա իմ կարծիքն է։ Դա շատ պատասխանատու հարց է, բայց մարդուն ճանաչելով՝ ես չեմ հավատում, որ ինքը նման բանի ընդունակ է։

-Դուք Սերգեյ Գրիգորյանի մասին շատ դրական եք արտահայտվում, ջերմ վերաբերմունք ունեք նրա նկատմամբ մինչև հիմա էլ, բայց Ռուստամի նկատմամբ էլ, կարծես թե, վատ չեք տրամադրված։

-Ես Ռուստամ Ստեփանյանի հանդեպ չունեմ տրամադրվածություն ընդհանրապես, քանի որ ես իրեն երբևիցե չեմ հիշում, և շատ վաղուց արդեն կապ չունեմ ես էդ մարդու հետ։ Նույն հարցը տվեցին Սերգեյ Գրիգորյանի հետ կապված՝ ես ասացի, որ երբեք չեմ հավատա, որ ինքը՝ Սերգեյ Գրիգորյանը, կարա մեկին վնասի, մեկին ցավեցնի։ Բայց, ճանաչելով երկու անձանց էլ, իմ կարծիքը այն է, որ ես չէի հավատա, որ ինքը նման բան կարա անի։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին