«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինուժի թիրախում են` կրակի տակ։ ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած էկոնոմիկայի եւ ՏԿԵ նախարարներով, այցելեցին ու լուսանկարներ հրապարակեցին՝ հայտարարելով, թե սյունեցիների կողքին են, բայց հրապարակումներից երեւում է, որ հաշված մարդկանց հետ են հանդիպել:
Երեկ, մեր հրապարակումից հետո, մեզ զանգահարեց Խոզնավարի մի բնակիչ եւ ասաց, որ ոչ միայն յուրային մի քանի հոգու հետ են միայն հանդիպել՝ արհամարհելով գյուղի մյուս բնակիչներին, այլեւ կարծես ծաղրելու համար էին գյուղ եկել․ «Եկել՝ 2 րոպե 2 հոգու հետ զրուցել են, նկարվել, բայց ամբողջ գիշեր քեֆ-ուրախություն են արել, գառ մորթել, մինչեւ լուսաբաց քեֆ արել»։
Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանը հարցին, թե ճի՞շտ է, որ ինքն էլ է մասնակցել այդ խրախճանքին եւ անգամ կազմակերպել է, ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ, գյուղում չի եղել»: