«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։
Sputnik Արմենիայի տվյալներով` բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։
Ավելի վաղ 168.am կայքը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծի են ենթարկել մի քաղաքացու:
Ըստ տեղեկությունների` ծեծի պատճառը եղել է քաղաքացու լեգիտիմ պահանջը` պատգամավորի 888 86 համարներով Տոյոտա մակնիշի մեքենան փողոցի սխալ կայանված հատվածից հեռացնելու մասին: Հայր և որդի Բագրատյանները չեն հանդուրժել դիտողությունը, և դիտողություն արած քաղաքացուն ծեծի են ենթարկել, որին փորձել են միջամտել պարեկները, որոնց ևս Շանթ Բագրատյանը քաշքշել է։
Միջադեպին ականատես քաղաքացիները թեև տեսել էին ոստիկանների գալը, սակայն մանրամասների չէին տիրապետում, քաղաքացիներից մեկն ասաց, որ գիտի՝ այդ շենքում պատգամավորի տղա է ապրում, բայց չգիտի, թե ով է։