▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցկեղից բուժված Աղվան Արշակյանի փաստաբանները դատարան էին ներկայացրել անընթեռնելի բժշկական փաստաթղթեր և անորակ պատճեններ

Քաղցկեղից բուժված Աղվան Արշակյանի փաստաբանները դատարան էին ներկայացրել անընթեռնելի բժշկական փաստաթղթեր և անորակ պատճեններ

Իր պաշտպանյալ, նախկինում քաղցկեղ ունեցող Աղվան Արշակյանի վիճակի վատթարացման վերաբերյալ ֆեյսբուքյան տիրույթում ժամանակ առ ժամանակ հրապարակումներ անող փաստաբան Վարազդատ Հարությունյանը այսօր գրել էր, որ շտապել է ենթադրություն անել և մինչ դատավորի որոշումը ունենալը հրապարակել էր, թե դատավորը մերժել է վարույթ ընդունել իր միջնորդությունը` անտեսելով պաշտպանյալի առողջական վիճակով պայմանավորված նոր հանգամանքը։

Թվում է՝ փաստաբանի կողմից արված հերթական հայտարարությունն իր «շտապելու» մասին սովորական ծանուցում է, այնինչ նրա նախորդ հրապարակումներն ու հարցազրույցները հանրային հնչեղություն են ստացել և թիրախում է հայտնվել կալանքի որոշում տված դատավոր Գնել Գասպարյանը։

Դատավորի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն Քրեական դատարանի խոսնակը Asekose.am-ին տրամադրեց  «աղմկահարույց» որոշումը, ինչը մի քանի օր փոթորկել էր ֆեյսբուքը։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերում բացակայում են օբյեկտիվ տվյալներ, այն մասին, որ մեղադրյալի վիճակի այնպիսի վատթարացում է տեղի ունեցել, որի պայմաններում հնարավոր կլիներ եզրակացնել, որ հիվանդության սրացման պատճառով էականորեն նվազել են կալանավորման հիմքերը (օրինակ՝ անձի առողջական վիճակը օբյեկտիվորեն թույլ չի տա վերջինիս որոշմամբ հաստատված ոչ պատշաճ վարքագիծը դրսրևորել)։ Միջնորդությունը պարունակում է պաշտպանական կողմի ոչ մասնագիտական գնահատականը անձի առողջական ներկայիս վիճակի վերաբերյալ, իսկ ամբուլատոր քարտի պատճենի որակով պայմանավորված՝ մասնագիտական օբյեկտիվ զննման տվյալները անընթեռնելի են, ներկայացված մյուս փաստաթղթերում բացակայում են այդպիսի տվյալներ։ Ինչ վերաբերվում է պաշտպանական կողմի այն պնդմանը, որ քննիչի կողմից անտեսվել է դատարանի որոշմամբ արձանագրված անհապաղ փորձաքննություն նշանակելու հանգամանքը, ապա Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը ինքնին, չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի իմաստով նոր էական հանգամանք հանդիսանալ, նշված հանգամանքին Դատարանը կարող է անդրադառնալ հետագայում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի երկրաձգման միջնորդություն ներկայացնելու պարագայում՝ գործադրված պատշաճ ջանասիրությունը քննարկելու փուլում։ Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մեղադրյալ Աղվան Գնելի Արշակյանի պաշտպաններ Նարե Հոնարչյան-Մասիհիի և Վարազդատ Հարությունյանի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման»։

Միևնույն ժամանակ դատավորը նշել է, որ որոշումը խոչնդոտ չի կարող հանդիսանալ տեխնիկական խնդրի լուծման դեպքում նոր միջնորդություն դատարան ներկայացնելու համար՝ եթե այդ փաստաթղթերում պարունակում են մեղադրյալի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ։

Նշենք, որ Asekose.am-ի տեղեկություններով փաստաբանները «քրիստոնեական» տեսքի են բերել դատարան ներկայացվելիք փաստաթղթերը, այն դատավորը վարույթ է ընդունել և խափանման միջոցի փոփոխությանը նվիրված նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1):

Այդ մասին հայտարարել է  նաև փաստաբանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին