Ես ազատ եմ և ազատ եմ բոլորից առավել. Միքայել սրբազանը եզրափակիչ խոսքով դիմեց դատավորին
«Ես ձեզ չեմ խնդրում, որպեսզի անտարբեր չգտնվեք, ես ձեզնից ազատություն չեմ խնդրում, ես ազատ եմ ամենուրեք։ Բայց ուզում եմ մի բնորոշում անել. երբ մեղադրող կողմը խոսում է, իմ ինտելեկտը խոշտանգվում է։ Սա արդեն 7-րդ նիստն է, փրկեք ինձ այս ինտելեկտի խոշտանգումից։ Ցմահ տվեք, պրծեք։ Մի մուլտֆիլմ կար` «Кошкин дом», որտեղ ասվում էր`«мне Коза сейчас сказала, что у нас тут места мало»: Այ սա է ձեր մեղադրանքը։ Դուք պատվեր եք կատարում»,–ասաց Աջապահյանը։
***
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեկ ամիս ժամկետով երկարաձգեց Միքայել Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։ Նշենք, որ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր դատախազը։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։ |