«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է պաշտոնի 2023 թ. հոկտեմբերի 26-ին։
Փամբուխչյանը ներկայացրել է 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։
Համաձայն այդ հայտարարագրի` փոխքաղաքապետը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ մյուսը` 2022 թվականին՝ հեղափոխությունից հետո, երբ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Էրեբունի վարչական շրջանում։
Արմեն Փամբուխչյանի հայտարարագրում խառնաշփոթ է ստեղծվում, երբ փորձում ենք հասկանալ, թե որ մեքենան երբ է գնել կամ վաճառել։
Օրինակ՝ հայտարարատու տարում ներկայացված տրանսպորտային միջոցների ցանկում տարեսկզբին առկա է Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2008 թվականի դեկտեմբերի 16-ին։ Այս մեքենան տարվա ընթացքում կարծես «անհետացել» է, քանի որ օտարված գույքերի ցանկում այն չկա, իսկ տարեվերջին պարզապես առկա չէ։
Հարցական է, թե մեքենան ուր է անհետացել։
Փամբուխչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 29 մլն 500 հազար դրամ եւ 8 հազար 800 եվրո։ Փոխքաղաքապետը հայտարարագրել է նաեւ էլեկտրոնային հաշիվներ եւ կրիպտոարժույթ՝ 15,000 FTN: 1 FTN-ի արժեքը կարող եք տեսնել կից նկարում։
Փամբուխչյանը հայտարարագրել է 13 հազար 650 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։
Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 40 հազար դրամ, որից 20 մլն 359 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 2 մլն 680 հազար դրամ եկամուտը Փամբուխչյանը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 980 հազար դրամ, որից 26 մլն 980
հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Փոխքաղաքապետը վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 308 հազար դրամ։
Փամբուխչյանը Երեւան քաղաքի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է, նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ։
Արմեն Փամբուխչյանի տարեկան եկամուտները, համեմատելով 2019 թվականի տարեկան հայտարարագրին, նկատելի է, որ պաշտոնյայի ֆինանսական միջոցները բավականին բարելավվել են։ Որպես ԱԺ պատգամավոր՝ Փամբուխչյանը տարեկան վաստակել է բավականին համեստ՝ 9 մլն 299 հազար դրամ, փոխքաղաքապետ եղած ժամանակ այս գումարը գրեթե կրկնապատկվել է։
Հիշեցնենք նաեւ, որ Civilnet-ը գրել էր, որ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր էր ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ էր ստացել։ Հարցական էր, թե ինչպես կարող էր բանկը այս ծավալով վարկավորել թոշակառուին 40 հա հողեր ձեռք բերելու, այգեհիմնում կատարելու համար։
Այս հարցի պատասխանը դեռ բացահայտված չէ»։