galatv.am-ը գրում է. Ժամեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, թե Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Սյունիքի մարզպետի որդուն՝ Տ.Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկել:
Հիշեցնենք, Տ. Խաչատրյանին բերման ենթարկելու ցուցում ավելի վաղ՝ մայիսի 10-ին, տվել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Ստացվում է, որ Սյունիքի մարզպետի որդուն բերման ենթարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններ հնչում են երկու կառույցներից էլ՝ թե գլխավոր դատախազությունից, թե քննչական կոմիտեից, այնինչ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Տ. Խաչատրյանին որպես վկա հարցաքննության կանչելու նպատակով ծանուցագիր ուղարկվել է մայիսի 8-ին, դրանից հետո ոստիկանությունն այլ հանձնարարականներ համապատասխան կառույցներից չի ստացել:
«Մայիսի 8-ին քննչական կոմիտեն գրությամբ երկու ծանուցագիր է ուղարկել, որպես վկա ծանուցել, որ ներկայանան քննչական, երկու քաղաքացու՝ Տ. Խաչատրյանին եւ Դ. Ղեւոնդյանին: Ոստիկանության ծառայողները ծանուցագրերը տարել են նշված հասցե, որտեղ գտնվողներն ասել են, որ նշված անձինք Գորիս քաղաքում չեն, գտնվում են մայրաքաղաքում: Ոստիկանությունը գրությամբ այդ մասին տեղեկացրել է նախաքննությունը վարող քննիչին, դրանից հետո քննիչի կողմից որեւէ գրավոր կամ բանավոր այլ հանձնարարություն կամ բերման ենթարկելու որոշում չի կայացվել, ուստի ոստիկանությունը չէր կարող իրականացնել որեւէ որոշում»,-galatv.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց նաեւ, որ ահազանգեր են ստանում այն մասին, թե ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում Տ. Խաչատրյանին ու մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ, ուստի պարզաբանում է, որ նման ցուցում չեն ստացել: Ու քանի որ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն Տ. Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու հայտարարությամբ հանդես եկավ, ապա, ըստ Ահարոնյանի, այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն կձեռնարկվեն. «Եթե որոշում կա կայացված, բնականաբար ոստիկանությունը կզբաղվի այդ որոշմամբ, բայց մինչ այդ նման որոշում չի եղել, չի եղել այլ հանձնարարություն՝ ոչ գրավոր, ոչ բանավոր, բացի ամսի 8-ին երկու անձանց ծանուցագիր ուղարկելու մասին»,- ասաց Ա. Ահարոնյանը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում