▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդան կարմիրի պահպանությանը նվիրված՝ էկոդասընթացներ

«Որդան կարմիր»  պետական արգելավայրի հարակից հինգ համայնքների հանրակրթական դպրոցներում իրականացվել են  որդան  կարմիրի պահպանությանն ուղղված տեսական էկոդասընթացներ, որոնց մասնակցել է 150 աշակերտ: Նրանք հետաքրքրություն են ցուցաբերել եւ ցանկություն հայտնել հետագայում ընդգրկվել նաեւ ծրագրով նախատեսված գործնական փուլում:

Ծրագրի հեղինակ` ագրոէկոլոգ, փորձագետ Գալուստ Նանյանը նշում է, որ ծրագիրը մտահղացել է այն ժամանակ, երբ ամիսներ առաջ ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստում քննարկման է ներկայացրել «Որդան կարմիր»  պետական արգելավայրի ներկայիս վիճակը եւ հանդես եկել առաջարկություններով:

«Զեկույցից հետո առաջարկություններով հանդես եկա, որոնցից մեկը վերաբերում էր արգելավայրի ազդակիր համայնքների դպրոցներում  էկոդասընթացներ անցկացնելուն»,- ասում է  մասնագետը:

Նա կազմել է համապատասխան ծրագիր եւ իր համեստ միջոցներով իրականացրել այն Արմավիրի մարզի Ջրառատ, Երասխահուն, Եղեգնուտ, Արգավանդ եւ Արազափ համայնքների  հանրակրթական դպրոցներում: «Կարծում եմ, որ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության»  մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը արդեն իսկ հիշեցնում է յուրաքանչյուրիս, որ.  «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալու էկոլոգիական կրթություն»: Բայց էկոլոգիական կրթություն ստանալը մի բան է, գործածության մեջ դնելը` մեկ այլ»,- ասում է Գ. Նանյանը:

Ըստ նրա` դեռեւս 1987 թվականից, երբ ստեղծվել է «Որդան կարմիր» պետական արգելավայրը (Ջրառատի եւ Արազափի տեղամասերով), մինչ օրս նմանատիպ ուսուցողական միջոցառումներ չեն իրականացվել այդ տարածքներում: «Հետաքրքիր էր, որ դասընթացներին մասնակցած երեխաների շատ փոքր տոկոսն էր տեղյակ «Որդան կարմիր» արգելավայրի գոյության մասին: Շատ ակտիվ էին Ջրառատի եւ Արգավանդ գյուղի աշակերտները: Պարզվեց, որ մասնակիցներից ընդամենը 2-ն են տեսել որդան կարմիր միջատը, երկուսն էլ` Արազափ գյուղից, իսկ մյուս մասնակիցները հույս ունեն, որ օրերից մի օր իրենց էլ բախտ կվիճակվի տեսնել այդ խորհրդավոր միջատին»,- ասում է Նանյանը:

Աշակերտները դասընթացներից հետո առաջարկել են միջատի փրկության համար ցանկապատել արգելավայրի երկու տեղամասեր, նաև փոխել այդ տարածքներում տեղադրված ցուցանակները, քանի որ դրանք որոշ տեղերից աննկատ են եւ ոչ գրավիչ:

Մասնակից երեխաներին նաեւ անհանգստացրել է այն հարցը, թե ինչու են գրանցվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների` այդ տարածքներում արածեցնելու դեպքեր: Դասընթացավարը հայտնել է, որ այդ հարցում իր մեղավորությունն ունի ոչ միայն պետությունը, այլ նաեւ համայնքային ղեկավարությունը: «Համայնքները զուրկ են արոտավայրերի համար նախատեսված տարածքներից, իսկ հինգ համայնքում միասին հաշվառված է 4400 խոշոր եղջերավոր եւ նույնքան էլ`  մանր եղջերավոր անասուն: Իսկ անասնապահերի համար արգելավայրի տարածքը եւ այդ տարածքում գտնվող Հալոֆիտ անապատը դիտարկվում են հարմար վայր անասուններին արոտի հանելու համար»,- ասում է մասնագետը: 

Դասընթացի տեսական մասն ավարտվել է, եւ մասնակից հինգ դպրոցներից ընտրվել են հետագա գործնական դասընթացին մասնակցող աշակերտները, ընդհանուր առմամբ` 15 հոգի:

Ի դեպ, ըստ ծրագրի` աշակերտները ծանոթանում են նաև Արմավիրի մարզի ընդհանուր բնապահպանական վիճակին, բարձրաձայնում իրենց համայնքներում առկա էկոխնդիրների մասին: Նշենք, որ բոլոր դպրոցներին բաժանվել են բնապահպանական գրականություն եւ բնության հատուկ պահպանվող տարածքների քարտեզներ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին