▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվեր Ծառուկյանի ևս երկու անվտանգության աշխատակցի գործը ուղարկվել է դատարան, իսկ Նվեր Ծառուկյանը դեռևս չի հայտնաբերվել

2025 թվականի հունվարի 24-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Նվեր Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը:

Իրավաբան․net-ն է գրում ու մանրամասնում․ «Նվեր Ծառուկյանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Նվեր Ծառուկյանի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա.Ա.-ի և Ա.Մ.-ի, նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթից Ա.Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Գործի նախապատմությունը

Ինչպես նախկինում հայտնել էինք, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել Ծաղկաձորի խաղատներից մեկում։ Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։

Քննչական կոմիտեից հայտնել են՝ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Հանցակցությունը կողոպուտին, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):

Նվեր Ծառուկյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը և հայտարարվել է հետախուզում:

Փաստաբան Էմին Խաչատրյանը, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է, ավելի վաղ հայտնել էր՝ իր կարծիքով մեղադրանքն իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է, իսկ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս և Ռուսաստանի Դաշնություն։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հսկող դատախազի կողմից մայիսի 6-ին որոշում է կայացվել Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով (Քրեական հետապնդման ժամկետը կարող է կասեցվել եթե քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է): «Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, Նվեր Ծառուկյանը դեռևս չի հայտնաբերվել»,-նշված էր պատասխան նամակում»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին