▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ հայկական շոու-բիզնեսում․ աստղերը մեկը մյուսի հետևից բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը

Նոր սկանդալ հայկական շոու-բիզնեսում․ աստղերը մեկը մյուսի հետևից բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը։

Երգիչ-երգչուհիները ինստագրամյան իրենց էջերում անդրադարձել են մրցանակաբաշխությանը՝  նշելով, որ իրենք հայտ չեն ներկայացրել մրցույթի անվանակարգերում ներառվելու համար, բայց հայտնաբերել են, որ իրենց անունները կան դրանցում։

Մրցանակաբաշխությանը մասնակցելուց հրաժարվել է նաև երգչուհի Բրյունետը։ Նրա խոսքով՝ իր անունը նույնպես հայտնվել է թեկնածուների ցանկում՝ առանց իր թույլտվության։



«Ես այս տարի և այսուհետ չեմ մասնակցում ոչ մի մրցանակաբաշխության։ Իմ անունը հայտնվել է թեկնածուների ցանկում առանց իմ թույլտվության։ Միակ ճանաչումը, որն ինձ համար կարևոր է, դուք եք՝ մարդիկ, ովքեր լսում են իմ երաժշտությունը»,– գրել է նա։

Նույն դիրքորոշումն ունի նաև երգիչ Արամեն։ Նա ևս զարմանք է հայտնել, որ իր անունը ներառվել է անվանակարգում, չնայած իր խնդրանքին։



«Ես հստակ խնդրել եմ իմ անունը չներկայացնել որևէ անվանակարգում։ Շատ զարմացած եմ, որ նրանք չլսեցին իմ խնդրանքը։ Ես չեմ մասնակցելու այդ համերգին»,– գրել է երգիչը։

Մրցանակաբաշխության հասցեին առավել կոշտ հայտարարությամբ է հանդես եկել երգիչ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը։ Նա նշել է, որ առանց արտիստների կամ նրանց մենեջմենթի համաձայնության՝ անվանակարգերում ներառվել են Ռազմիկ Ամյանի և Սարո Թովմասյանի անունները։

«Բնականաբար, մենք չենք մասնակցելու նման ոչ պրոֆեսիոնալ միջոցառմանը։ Եթե որևէ կերպ մեր արտիստների հաղթանակ հայտարարվի, այդ մրցանակը մեր կողմից չի ընդունվելու»,– նշել է նա՝ հավելելով, որ ցավալի է, որ Հայաստանում մրցանակաբաշխությունների մշակույթը դեռ չի ձևավորվել։

Թեմային անդրադարձել է նաև երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Նա խոստովանել է, որ մեծ հիասթափություն է ապրել և հայտարարել է, որ դուրս է գալիս Հայաստանի Ազգային Երաժշտական Ակադեմիայի կազմից։



«Դուք եք իմ ամենամեծ ուժը, սերը ու մոտիվացիան։ Ես պաշտոնապես դուրս եմ գալիս Հայաստանի Ազգային Երաժշտական Ակադեմիայի կազմից»,– գրել է երգչուհին

Այս ամենից հետո «Խազեր» մրցանակաբաշխության շուրջ քննարկումները սոցիալական ցանցերում չեն դադարում։ Շատերը փորձում են հասկանալ՝ ինչու են արտիստների անունները հայտնվել անվանակարգերում առանց նրանց համաձայնության և արդյոք կազմակերպիչները կարձագանքեն ստեղծված աղմուկին։
Մի բան հստակ է՝ այս տարվա «Խազեր» մրցանակաբաշխությունը արդեն իսկ հայտնվել է սկանդալի կենտրոնում, և աստղերի բոյկոտը շարունակում է մեծանալ։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին