«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայի հետ: Ներկա են եղել նաեւ կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:
Հիշեցնենք․ ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։
Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը: Համարյա մեկ տարի է՝ մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։
Նա նախատել է ուսապարկերին, որ պետք է այդ մասին ակտիվ իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան։ Ի դեպ, վերջին շաբաթներին ՔՊ-ականներն ակտիվ այցեր են կատարում հատկապես Սյունիք: Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անցած շաբաթ 2 այց է կատարել եւ հանդիպել կուսակիցների հետ:
Նրանց ինստրուկտաժ է արել, որ նրանք էլ իրենց հերթին սյունեցիներին վախեցնեն պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիեւն ու Էրդողանը հասկացել են, թե ինչպես ստանան իրենց ուզածը` Նիկոլին պատերազմով վախեցնելով»:
***
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Գյումրի ՔՊ-ականներից բացի արտահերթ ընտրություններին «սուպեր» արդյունքներ պահանջելուց, հրահանգել է , որ կուսակիցները ժողովրդին համոզեն, որ վարչապետը ինչ որոշումներ որ կայացնում ու կայացնելու է դրանք բացառապես հպարտ քաղաքացու շահերից է բխելու։
Թե ինչ կայանալիք որոշումների մասին է խոսքը վերջինս չի մանրացել: Ինչը, ըստ նույն աղբյուրների, ցայտնոտի մեջ է գցել թիմակիցներին։ «Տեսնես հիմա ինչ է որոշելու հետո սաղիս փայատեր դարձնի»,- պատերի տակ սկսել են խոսել թիմակիցները»: