▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 500 հազար..․ Ադրբեջանում կրկին բարձրացրել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցը

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում կկառուցվեն Ադրբեջանն ու Թուրքիան կապող գծեր։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի տարածքից մինչև Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղով կանցկացվեն խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր։

Այս մասին գրում է  ադրբեջանական Modern.az-ը և նշում, որ այս առիթով զրույց է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալաքբարլիի հետ, որ հայտարարել է, որ, ի տարբերություն շատերի, ինքը մտադիր չէ ծափահարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջին շրջանում կառուցողական ինչ-որ քայլեր ձեռնարկելու կամ նախաձեռնելու համար:

«Փաշինյանն այն Փաշինյանն է, որ իր կառավարման առաջին տարիներին «Ադրբեջանի տարածքը բազմիցս գնդակոծվել է Հայաստանի կողմից» (չակերտները՝ խմբ․)։  Ի՞նչ պատահեց հիմա, Փաշինյանը փոխվեց և դարձավ հրեշտակ։ Ոչ, Փաշինյանը նույն Փաշինյանն է։ Տարբերությունն այն է, որ Փաշինյանը և նրա կողմնակիցները հիմա հասկանում են, որ Ադրբեջանը ուժեղ պետություն է, ունի ուժեղ նախագահ։ Հայաստանն այլ ելք չունի, քան հաշվի նստել Ադրբեջանի ու նրա նախագահի հետ։

Թշնամանքի ճանապարհը կարող է կասկածի տակ դնել հայկական պետության գոյությունը։ Ուստի, գլխավերևում բարձրացնելով Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի քարտեզի մանրակերտը, նա իր ժողովրդին կոչ է անում փրկել իր ունեցած հողերը և այժմ փորձում է իրական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Բնական է, որ շուտով կկառուցվեն Ադրբեջանն ու Թուրքիան կապող գծեր։ Սա ի շահ Հայաստանի Է»,-ասել է  նա։

Ազիզ Ալաքբարլին ընդգծել է, որ որպես «Արևմտյան Ադրբեջանի համայնք», իրենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նախաձեռնություններն ու քայլերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը. «Մենք նաև հույս ունենք, որ երկրների միջև հաշտեցումը կնպաստի հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը։

Իհարկե, սա ցավոտ գործընթաց է, կան հարյուր հազարավոր փախստականներ և ներքին տեղահանվածներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից և տասնամյակներ շարունակ անթիվ դժվարություններ են ապրել, մենք ունենք ավելի քան 20 հազար նահատակներ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, սրանք այնպիսի բաներ չեն, որոնք կարելի է մոռանալ երեք կամ հինգ օրում։

Ավելին, կան մոտ 500 հազար փախստականներ «Արևմտյան Ադրբեջանից» և նրանց երեխաները, ովքեր դաժանորեն արտաքսվել են իրենց ծննդավայրից վերջին տեղահանման ժամանակ: Առայժմ չեմ խոսում «1918-1920 թթ. ցեղասպանության, 1948-1953 թթ. տեղահանման» զոհերի, նրանց իրավահաջորդների մասին։ «Երբեք Հայաստանում այնքան հայ չի եղել, որքան նրանց թիվը»։ Ավելին, հայերը ոչ միայն մարդկանց դուրս էին մղում այդ աշխարհագրությունից, այլև «ֆաշիստական վերաբերմունք էին ցուցաբերում նրանց մշակութային ժառանգության, այդ թվում ՝ գերեզմանատների, մզկիթների, նկատմամբ» (չակերտները՝ խմբ․)։  Հետաքրքիր է, ինչ են նրանք պատասխանելու այս ամենին:

Հարց է առաջանում. ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայերը։

Պատասխանը կոնկրետ է. նրանք պետք է անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն ադրբեջանական պետությունից և ժողովրդից, փոխհատուցեն մարդկանց և նրանց ունեցվածքին պատճառված վնասը և բարձր մակարդակով ապահովեն փախստականների խաղաղ վերադարձը «Արևմտյան Ադրբեջանի իրենց հայրենի գյուղեր և տներ» (չակերտները՝ խմբ․)։

Մեր պետությունների և ժողովուրդների միջև խաղաղության կայունությունը կախված է մեր ժողովուրդների համակեցությունից, իսկ մեր համակեցությունը կախված է մեր «փախստականների վերադարձից իրենց հայրենի հողեր» (չակերտները՝ խմբ․)։

Թարգմանությունը՝ Թերթի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին